կարևոր
343 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-17 14:17

Առաջին ընթերցմամբ ընդունվեց Սևանա լճից ջրառի ծավալների ավելացման մասին Կառավարության նախագիծը

Առաջին ընթերցմամբ ընդունվեց Սևանա լճից ջրառի ծավալների ավելացման մասին Կառավարության նախագիծը

ՔՊ խմբակցությունից ստացված 64 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունվեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը: «Հայաստան» խմբակցությունն այս որոշմանը դեմ է քվեարկել՝ հիմնավորմամբ, որ այն ուղղված է, ոչ թե գյուղատնտեսությանը, այլ՝ իշխանությունների կառավարմանը:

Նախագծով առաջարկվում է 2021 թվականին Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչև 245 մլն մ3:
Ինչպես հիմնավորեց նախագծի հիմնական զեկուցող, Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը՝ Հյուսիսային և Սևանի ջրավազանային կառավարման տարածքում սահմանվել է սակավաջրություն, որն էլ հիմք է դարփել օրենքի նախագծի մշակման համար:

Նրա խոսքով,  Հայաստանի 12 խոշոր ջրամբարների առավելագույն լցված ությունը 2021 թվականին եղել է 526.7 մլն մ³՝ նախորդ տարվա առավելագույն լցվածության համեմատ թերլցվածությունը կազմել է 140.8 մլն մ³: Գործող օրենքում սահմանված է, որ յուրաքանչյուր տարի  մինչև 170 մլն մ³ ջրի բացթողնման առավելագույն չափաքանակը և նախագծով առաջարկվում է 2021 թվականին Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչև 245 մլն մ³:

Կարեն Սարգսյանը հայտնեց, որ Հրազդան գետում ջրատվության կտրուկ նվազման պատճառով Սևան-Հրազդան ոռոգման համակարգը սնող Ապարանի, Մարմարիկի և Ազատի ջրամբարներից իրականացվել է չնախատեսված ջրալրում, որի արդյունքում 2021 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ջրամբարներում առաջացել է 21.43 մլն մ³ ջրի դեֆիցիտ: Ջրային կոմիտեի նախագահը հայտնեց, որ Սևանա լճից 2021 թ. նախորդ տարվա համեմատ ոռոգման նպատակով ջրաբացթողումները սկսվել են 10 օր շուտ, և այդ ընթացքում արդեն իրականացվել էր 19 մլն մ³ ջրառ:

«Սևան-Հրազդան ոռոգման համակարգը սնուցող գետերում ջրի կտրուկ նվազման հետևանքով առաջացել է տարեկան պլանավորվածի նկատմամբ 97.53 մլն մ³ ջրի դեֆիցիտ»,-ասաց Կարեն Սարգսյանը և տեղեկացրեց, որ այն լրացվել է Սևանա լճից բացթողումների, Ապարանի, Ազատի, Մարմարիկի ջրամբարների և մեխանիկական ջրարտադրության միջոցների հաշվին:

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներն, այնուհանդերձ, իրենց ելույթներում նշեցին, որ Կառավարության առաջարկը հիմնավորված չէ, և հստակ վիճակագրական և վերլուծական հիմնավորումներ չեն ներկայացվել: Եվ արդյոք հիմնավորվա՞ծ է  այն պնդումը, թե ջուր չի եղել, թե ջրային ռեսուրսների սխալ կառավարման արդյունքում ենք հայտնվել այս իրավիճակում: 

Կառավարության ներկայացված նախագծի երկրորդ ընթերցումը ևս նախատեսվում է այսօր: Պատգամավորները 3 ժամվա ընթացքում կարող են նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկներ ներկայացնել, ապա կշարունակվի նախագծի քննարկումը: 

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն իշխանության ներկայացուցիչներին հիշեցրեց, որ 2018-ին նշում էին, որ 36 հազար հեկտար հողատարածք պետք է ոռոգեն, դրանից բացի նաև մի հսկայական մաս էլ գաղտնի էր, իսկ հիմա իշխանությունը խոսում է 31 հազար հա ոռոգվող տարածքի մասին, ինչը նշանակում է, կամ ներկայիս իշխանության կառավարման տարիներին նվազել են ոռոգվող հողատարածքները, կամ հավելյալ անարդյունավետ ջրառ են իրականացնում:  Պատգամավորը նկատեց, որ այս տարվա առաջին ջրբացթողումն համընկնում է նախընտրական շրջանի հետ:

«Արդյունավետ կառավարեք, որպեսզի ջուրը գյուղացուն հասանելի լինի, ձեր անարդյունավետությունը մի գցեք ժողովրդի և ընդդիմության վրա»,-հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղարը: