կարևոր
1936 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-17 11:49

Հայկական կողմը դեռևս չի արձագանքել Ալիևին, ինչն առնվազն տարակուսելի է. Անդրանիկ Թևանյան

Հայկական կողմը դեռևս չի արձագանքել Ալիևին, ինչն առնվազն տարակուսելի է. Անդրանիկ Թևանյան

Ոգևորվելով Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրության արդյունքներից՝ Ալիևը կոշտացրել է իր դիրքորոշումը խաղաղության պայմանագրի, սահմանագծման ու սահմանազատման հարցերում: Այս մասին ԱԺ արտահերթ նիստի մեկնարկի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:

«Ալիևը Հայաստանից պահանջում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որի մեջ պետք է ներառվի նաև Արցախը, նա պահանջում է հայկական զորքերի զրոյացում Արցախում և սպառնում է նոր պատերազմով, կոմունիկացիաների ապաշրջափակման թեմայով էլ օգտագործում է «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը: Ալիևն այնքան հեռու է գնացել իր ցանկություններում, որ Մոսկվայից պահանջում է սեփական պարտության հետ համակերպված Հայաստանին զենք չմատակարարել»-ասաց Թևանյանը և ընդգծեց, որ Ադրբեջանի ագրեսիվ վարքագիծը չի բխում նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններից:

Այս ամենին զուգահեռ պատգամավորը նաև տարակուսելի համարեց, որ հայկական կողմը դեռևս չի արձագանքել Ալիևին.

«Ցավոք, պաշտոնական Երևանը դեռ չի պատասխանել Ալիևի հայտարարություններին, ինչն առնվազն տարակուսելի է։ Հուսանք, որ տվյալ դեպքում լռությունը համաձայնության նշան չէ: Ալիևը Երևանի լուռ պահվածքը թերևս գնահատել է որպես թուլության նշան և անցել է գրոհի, ունենք զոհեր, գնդակոծվում են հայկական բնակավայրեր, սա անթույլատրելի է, մենք խաղաղության ենք ձգտում, բայց ոչ մեր արժանապատվության, ազատության և անկախության գնով»,-եզրափակեց Թևանյանը:

Հիշեցնենք, որ երեկ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը անդրադառնալով Ալիևի հայտարարություններին նշել էր, որ հարևան երկրի ղեկավարը երեկ նորից իրեն թույլ է տվել մեր ժողովրդի արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ։ Խաղաղությունը չի կարող լինել ի հաշիվ մեր արժանապատվության և գոյութենական իրավունքների: