կարևոր
646 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-17 11:15

ԱԺ արտահերթ նիստում «Հայաստան» խմբակցությունն առաջարկեց սահմանի իրավիճակի վերաբերյալ քննարկում կազմակերպել

ԱԺ արտահերթ նիստում «Հայաստան» խմբակցությունն առաջարկեց սահմանի իրավիճակի վերաբերյալ քննարկում կազմակերպել

«Ելնելով ՀՀ շուրջը և սահմանին առկա լարվածությունից՝ «Հայաստան» խմբակցությունը առաջարակում է օրակարգում ընդգրկված օրինագծի երկու ընթերցումների միջև եղած ժամանակահատվածում փակ, կամ բաց, ինչպես որոշենք, քննարկում կազմակերպենք համապատասխան պատասխանատու անձանց ներկայությամբ՝ հաշվի առնելով այն, որ իրարամերժ տեղեկություններ են գալիս սահմանային իրավիճակի մասին»,-ԱԺ արտահերթ նիստի մեկնարկին հայտնեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Նա հայտնեց, որ քննարկումներ կազմակերպելը նպատակ ունի ծանոթանալու իրավիճակին, որպեսզի հասարակության մտահոգությունները փարատվեն:

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թևանյանն էլ իր ելույթում շեշտեց, որ Սևանի հարցն, իհարկե, կարևոր է, բայց շատ ավելի կարևոր անվտանգային հարցեր կան։ Նա հիշեցրեց, որ օրերս CNN TURK հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սպառնացել էր նոր պատերազմով, Ռուսաստանից էլ պահանջել էր «սեփական պարտության հետ համակերպված» Հայաստանին զենք չմատակարարել։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ ընդմիջմանը ՔՊ խմբակցությունում կքննարկեն առաջարկը և կհայտնեն իրենց դիրքորոշումը:

Հիշեցնենք, որ նիստի այսօրվա օրակարգում «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծն է, որն առաջարկել է ՀՀ կառավարությունը: Դրանով նախատեսվում է ավելացնել Սրանա լճից ջրի բացթողման ծավալները: