կարևոր
1690 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-17 10:10

Ամերիկացի զինվորականները չպետք է կռվեն եւ զոհվեն պատերազմում, որն աֆղանական ուժերն իրենք չեն ցանկանում մղել. Բայդեն

Ես խորապես վշտացած եմ այն ​​ամենի համար, ինչին մենք ականատես ենք լինում, բայց ես չեմ ափսոսում Աֆղանստանում ԱՄՆ-ի պատերազմը դադարեցնելու որոշման համար եւ շարունակելու եմ կենտրոնանալ ահաբեկչության դեմ պայքարի վրա ինչպես այնտեղ, այնպես էլ աշխարհի այլ մասերում: Ամերիկյան զորքերի մասնակցությունը քաղաքացիական պատերազմին մեկ այլ երկրում չի բխում Միացյալ Նահանգների ազգային շահերից: Ես լիովին հավատարիմ եմ իմ որոշմանը:

Աֆղանստանի ղեկավարությունը հանձնվեց գրոհայինների դեմ պայքարում՝ չնայած ԱՄՆ-ի ուժեղ աջակցությանը, եւ ամերիկացիները չպետք է շարունակեին մղել այդ պատերազմն աֆղանցիների փոխարեն, ասել է Բայդենը:

«Իսկ ի՞նչ տեղի ունեցավ: Աֆղանստանի քաղաքական ղեկավարությունը հանձնվեց եւ փախավ երկրից: Աֆղանստանի զինված ուժերը փլուզվեցին, երբեմն նրանք նույնիսկ չէին փորձում միանալ մարտին:

Վերջին շաբաթների իրադարձությունները հաստատեցին, որ հենց հիմա Աֆղանստանում ԱՄՆ ռազմական ներգրավվածության դադարեցումը ճիշտ որոշում էր: Ամերիկացի զինվորականները չեն կարող եւ չպետք է կռվեն եւ զոհվեն պատերազմում, որն աֆղանական ուժերն իրենք չեն ցանկանում մղել»,- եզրափակել է ամերիկացի առաջնորդը:

ԱՄՆ նախագահի խոսքով՝ Ամերիկան ավելի քան մեկ տրիլիոն դոլար է տրամադրել Աֆղանստանին, ապահովել է զենք ու զինամթերք և տեխնիկա, նույնիսկ վճարել է զինծառայողների աշխատավարձը:

«300 հազարի հասնող լավ զինված բանակ՝ դա հզոր ուժ է, ավելի մեծ, քան ունեն ՆԱՏՕ-ից մեր որոշ դաշնակիցներ», - ասել է նախագահը:

Ըստ Բայդենի, իրենք կշարունակեն աջակցել աֆղաններին, կառաջնորդեն դիվանագիտությունը, միջազգային ազդեցությունը եւ հումանիտար օգնությունը:

«Մենք կշարունակենք խթանել տարածաշրջանային դիվանագիտությունը` բռնությունը եւ անկայունությունը կանխելու համար: Մենք շարունակելու ենք պաշտպանել աֆղանցիների հիմնարար իրավունքները: Բայց դա չպետք է արվի անվերջ ռազմական տեղակայման միջոցով, այլ` դիվանագիտության կամ տնտեսական գործիքների միջոցով»,- եզրափակել է ԱՄՆ նախագահը: