կարևոր
442 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-16 21:17

Աֆղանստանում քաոս է․ հարյուրավոր աֆղաններ ներխուժել են Քաբուլի միջազգային օդանավակայան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Աֆղանստանում քաոս է: Հարյուրավոր աֆղաններ ներխուժել են Քաբուլի միջազգային օդանավակայան, մտել թռիչքային գոտի: Ցանկանում են փախչել երկրից, ով ինչպես կարող է: Վազում են ամերիկյան ինքնաթիռների հետեւից, կախվում թեւերից: Ոմանք անգամ թաքնվել էին ամերիկյան ռազմական օդանավի անվադողերում: Բայց թռիչքից րոպեներ անց ընկել օդանավակայանի մոտ գտնվող տների տանիքներին ու մահացել:

Նախազգուշական կրակոցներ են օդ արձակել ամերիկացի զինվորականները, որոնք իրականացնում են Միացյալ Նահանգների քաղաքացիների, դաշնակից երկրների դիվանագետների ու աֆղան գործընկերների տարհանումը: Կան զոհեր, սակայն հայտնի չէ՝ կրակոցների թե հրմշտոցի հետեւանքով:

Իր քաղաքացիներին Աֆղանստանից դուրս բերելու համար ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Գերմանիան: Չեխիան էլ հաստատել է, որ իր քաղաքացիներով եւ աֆղան գործընկերներով առաջին ինքնաթիռը վայրէջք է կատարել Պրահայում: 

Երկրից արդեն փախել է Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին՝ արյունահեղությունից խուսափելու պատճառաբանությամբ: Նրա գտնվելու վայրը հայտնի չէ: Այս ամենից ընդամենը մի քանի ժամ առաջ էր հայտնի դարձել, որ «Թալիբան» իսլամիստական շարժման զինյալներն առանց դիմադրության մտել են մայրաքաղաք Քաբուլ ու գրավել նախագահական նստավայրը՝ գրեթե լիակատար հսկողության տակ առնելով ամբողջ Աֆղանստանը: Շատ երկրներում ահաբեկչական կազմակերպությունների շարքին դասվող «Թալիբանը» հայտարարել է Աֆղանստանում պատերազմի ավարտի եւ 20 տարի անց իշխանության ղեկին վերադառնալու մասին:

Հիմա Աֆղանստանում շատերը վախենում են, որ երկիրը կվերադառնա 90-ականների դաժան ռեժիմին՝ հրապարակային մահապատիժներով, քարկոծումներով, կանանց սովորելու, աշխատելու եւ այլ իրավունքների ոտնահարումներով: Ամեն դեպքում, այս պահին թալիբները սա հերքում են, խոստանում քաղաքակիրթ լինել:

Մանրամասները՝ Մարինե Մելիքսեթյանի տեսանյութում։