կարևոր
5359 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-16 21:02

Մեկ օրվա մեջ երկրորդ զոհը․ թշնամու կրակոցից զինծառայող է մահացել Գեղարքունիքի հայկական դիրքերում

Մեկ օրվա մեջ երկրորդ զոհը․ թշնամու կրակոցից զինծառայող է մահացել Գեղարքունիքի հայկական դիրքերում

Օգոստոսի 16-ին, ժամը 18:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Ծավալված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով թշնամու կրակոցից մահացել է ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 2002թ. ծնված, շարքային Արման Հովհաննեսի Հակոբյանը:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Հայկական կողմի ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի առնվազն երեք զոհ և վիրավոր:

Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ի թշնամին սադրանքի է դիմել նաև հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ, Երասխի հատվածում: Մասնավորապես, ժամը 09:50-ի սահմաններում, թշնամու դիպուկահարի արձակած կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 1975թ. ծնված, ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը,ով Արմավիրի մարզի Ջրառատ գյուղից էր:

Ավելի վաղ էլ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները սադրանքի էին դիմել հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում` փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել: 

Հավելենք, սակայն, որ նշված ելման դիրքերը ՀՀ ինքնիշխան տարածքի մաս են կազմում, ադրբեջանական զինված ուժերը մայիսից տեղակայվել են ՀՀ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում, և մինչ այժմ գտնվում են այնտեղ: ՀՀ իշխանությունները չեն կարողանում թշնամու զինված ուժերին դուրս հանել երկրի տարածքից.