կարևոր
859 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-16 18:27

ԱԺ աշխատակազմը հրապարակման ենթակա չի համարում անցագրային կետերի վերաբերյալ տեղեկատվությունը

ԱԺ աշխատակազմը հրապարակման ենթակա չի համարում անցագրային կետերի վերաբերյալ տեղեկատվությունը

Օգոստոսի 5-ին, երբ արգելվեց Panorama.am-ի լուսանկարիչ Լիլիան Գալստյանի մուտքն ԱԺ, խմբագրությունը հարցեր է ուղղել ութերորդ գումարման ԱԺ-ում հսկիչ անցագրային կետերի թվի, դրանց տեղակայման վայրի մասին։

ԱԺ-ից տեղեկացրել էին, որ իբր լուսանկարիչն իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս «խախտել է «ԱԺ տարածքում և շենքում» գործող կանոնները հաստատելու մասին ԱԺ նախագահի որոշման հավելված 1-ի 2.8 կետը, ըստ որի արգելվում է պահպանվող օբյեկտի տարածքում, այդ թվում հսկիչ անցագրային կետերում պահպանության ծառայության աշխատակիցներին իրենց մասնագիտական գործունությունն իրականացնելիս ձայնագրելը,  տեսանկարահանելը, լուսանկարելը»։

Քանի որ լուսանկարիչը ոչ Բաղրամյան պողոտայի, ոչ Դեմիրճյան փողոցի անցակետերում որևէ լուսանկարում չէր իրականացրել, ու ԶԼՄ-ներն էլ տեսանկարհանել ու լուսանկարել էին պահպանության ծառայության աշխատակիցների դեմքերը, Panorama.am-ն ԱԺ-ին հացեր է ուղղել հնարավոր նոր անցագրային կետերի ու դրանց տեղակայման վայրերի մասին, որպեսզի հետագայում այդ հատվածներում չլուսանկարի։

Ի պատասխան ԱԺ-ից ասել են. «ԱԺ տարածքի անցագրային կետերի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ»։

Ի դեպ, ԱԺ-ում անվտանգության աննախադեպ միջոցառումները հաշվի առնելով, հարց են ուղղել, թե քանի՞ աշխատակից է նիստերի օրերին ծառայություն իրականացնում ԱԺ-ում։ Այս հարցն էլ անպատասխան են թողել։

Ներկայացնում ենք ԱԺ աշխատակազմին ուղղված Panorama.am-ի հարցերն ու դրանց պատասխանները.

1. 8-րդ գումարման խորհրդարանի տարածքում քանի՞ հսկիչ անցագրային կետ կա։ ԱԺ նստավայրի տարածքի ու շենքի ո՞ր հատվածներում են տեղակայված դրանք։
2. 7-րդ գումարման ԱԺ-ում քանի՞ հսկիչ անցագրային կետ է եղել։ Ո՞ր տարածքներում էին տեղակայված դրանք։
3. Panorama.am-ի լուսանկարիչ Լիլիան Գալստյանն օգոստոսի 4-ին ո՞ր հսկիչ անցագրային կետում է խախտել ԱԺ նախագահի որոշման պահանջները։
4. 8-րդ գումարման ԱԺ առաջին նստաշարջանի յուրաքաչյուր նիստի օր պահպանության ծառայության քանի՞ աշխատակից է ծառայությունն անցկացնում ԱԺ տարածքում և բակում։
5. Այն օրերին, երբ նիստեր չկան, Աժ տարածքում պահպանության ծառայություն իրականացնողները քանի՞սն են։
6. Ինչո՞վ են պայմանավորված նման թվով աշխատակիցների ներկայությունն ու ծառայությունն ԱԺ-ում։
7. Օգոստոսի 2-4-ը ծառայության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների արդյունքներն ինչպիսի՞ն են։ Ի՞նչ վտանգավոր առարկաներ են հայտնաբերվել պատգամավորների մոտ։
8. ԱԺ տարածքում և շենքում լրագրողների գործունեության սահմանափակումներն ինչո՞վ են պայմանավորված։
9. Ինչո՞ւ նոր սահմանափակումների մասին իրազեկումներ չկան ԱԺ տարածքում և շենքում, ինչո՞ւ դրանք չեն ուղարկվել ԶԼՄ-ների խմբագրություններ։



Լուսանկարչի մուտքի արգելքի պատճառ դարձած շարքում հրապարակված լուսանկարների մի մասն արված է ԱԺ բակում, որը երեք տարի առաջ Նիկոլ Փաշինյանի հայտարարության համաձայն, պետք է բաց լիներ նույնիսկ քաղաքացիների համար, քաղաքացիները պետք է մտնեին ու շրջեին ԱԺ դարպասներից ներս գտնվող այգում։

Լուսանկարներից մի քանիսն էլ արված են ԱԺ միջանցքներում ու նիստերի դահլիճում, որտեղ պահպանության ծառայության աշխատակիցները, որ դեմքը թաքցնելու խնդիր ունեն փաստորեն, ուղիղ ու բաց դեմքով նայում են դահլիճ, որտեղից իրականացվում է ուղիղ հեռարձակում։

Հիշեցնենք, որ Panorama.am-ի մուտքը խորհրդարան արգելող ԱԺ որոշումն անհապաղ վերացնելու կոչով ու պահանջով հանդես են եկել լրագրողական կազմակերպությունները, Հայաստանի Ժուռնալիստների միությունը, որոշումը խնդրահարույց որակեց Մարդու իրավունքերի պաշտպան Արման Թաթոյանը, այն կամայական ու խոսքի ազատության սահմանփակման դեմ ուղղված քայլ որակեցին մամուլի, տեղեկատվության ազատության հարցերով փորձագետները, քննադատեցին ԶԼՄ բազմաթիվ ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, ընթերցողներ, խնդիրը լուսաբանվեց բազմաթիվ լրատվամիջոցներում։

Ի դեպ, իրավաբաններն էլ պնդում են, որ գլխավոր դատախազությունը պետք է քրգործ հարուցի։ Մինչ այս պահը դատախազությունը քրեական գործ հարուցելու վերաբերյալ չի հայտնել։

Լիլիան Գալստյանի մուտքն ԱԺ արգելվել է օգոստոսի 4-ին լուսանկարների շարքի հրապարակումից հետո, որտեղ երևում են, թե ինչ թվով ու ինչպես են պահպանության ծառայության աշխատակիցները ծառայություն իրականացնում ԱԺ տարածքում ու շենքում։