կարևոր
994 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-16 17:52

Նրա հոգևոր ներկայությունն անհրաժեշտություն է. Դաշնակցական ընկերները հիշատակի տուրք են մատուցել Վահան Հովհաննիսյանին. ՖՈՏՈՇԱՐՔ

Նրա հոգևոր ներկայությունն անհրաժեշտություն է. Դաշնակցական ընկերները հիշատակի տուրք են մատուցել Վահան Հովհաննիսյանին. ՖՈՏՈՇԱՐՔ

Այսօր լրանում է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, մտավորական, պատմաբան, քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանի ծննդյան 65 ամյակը: Հիշատակի օրվա առիթով Երևանի Կենտրոնական (Թոխմախի) գերեզմանատուն էին այցելել Դաշնակցության Երևանի կառույցի, Հայաստանի Գերագույն մարմնի անդմաները:

1989 թվականից Վահան Հովհաննիսյանը Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ էր: Հայրենիքում կուսակցության պաշտոնական վերահաստատումից հետո 1990 թվականին ընտրվել է Դաշնակցության առաջին Կենտրոնական Կոմիտեի անդամ: 1992 թվականին Վ. Հովհաննիսյանն ընտրվեց ՀՅԴ Բյուրոյի անդամ: Գտնվելով կալանքի տակ` Վ. Հովհաննիսյանը 1997 թվականին հեռակա կերպով ընտրվեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ: Մինչ կյանքի ավարտը՝  2014 թվականի դեկտեմբերի 28-ը, ՀՅԴ Բյուրոյի անդամ էր: 

«Նրա հետ բախտ եմ ունեցել նաև աշխատելու. նրանից միայն կարելի էր սովորել և անընդհատ զարմանալ նրա լայնախոհության, բարձր ինտելեկտի ու բազմակողմանի գիտելիքների վրա: Ազգային - պետական և քաղաքական գործիչ էր, որի բացակայությունը մեր օրերում զգում ենք ամեն օր ու ամեն ժամ», - Վահան Հովհաննիսյանին նվիրված հիշատակի իր խոսքում նշեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:  

«Մեր սերունդը բախտ ունեցավ նրան տեսնելու, նրա հետ խոսելու, լինելու նրա գործունեության ժամանակակիցը: Լինելով խորապես զարգացած, ուղղակի հանրագիտարանային, խորը գիտելիքներ ունեցող մտավորական ու մարդ, Վահան տեսակին պատկանող մարդը հազվադեպ է ծնվում: Եվ պատահական չէ, որ Վահան Հովհաննիսյանը, լինելով Դաշնակցության գաղափարական անդամներից, ՀՅԴ կազմակերպական կառույցի աշխատանքների առաջամարտիկներից մեկը, լինելով խորապես գաղափարական գործիչ՝ ընդունված էր քաղաքական բոլոր ուժերի կողմից: Նրա տեսակը, որպես մարդ, մտավորական ու քաղաքական գործիչ անհնար էր չհարգել, և դա էին վկայում քաղաքական բոլոր գործիչների հիշողությունները նրա մասին», - մեծանուն գործի 65-ամյակին նվիրված իր խոսքում նշեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Բագրատ Եսայանը:

«Տարբեր իրավիճակներում, այս կամ այն իրադարձության ժամանակ ընկերներով նայում ենք միմյանց և ասում՝ էս պահին ընկեր Վահանն ինչպես կվերաբերվեր տվյալ հարցին կամ ինչ կաներ, ինչ կասեր իր սուր ելույթներով, հումորով շաղախված իր դիպուկ բնորոշումներով: Ընկեր Վահանի հոգևոր ներկայությունն անհրաժեշտություն է… »,- փաստեց Իշխան Սաղաթելյանը:

Լինելով դաշնակցական և պաշտպանելով Դաշնակցության դիրքորոշումները բոլոր հարցերում, ունենալով այդ դիրքորոշումները հիմնավորող ծրագրային ելույթներ, նա ընդունված էր բոլորի կողմից, և ուներ մտերմներ քաղաքական այլ ուժերի, այլ գաղափարական հայացքներ ունեցող անձանց շրջանակներում. Բագրատ Եսայանի դիտարկումն է: Ըստ նրա՝ Վահան Հովհաննիսյանի այդ տեսակն է, որ մեր հասարակության մեջ բացակայում է, և դրա հետևանքն է նաև, որ ունենք այս բևեռացված ու անհանդուրժող վիճակը հայ հասարակության մեջ: