կարևոր
1312 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-16 16:22

ԲԴԽ-ն, ձայների 4-3 հարաբերակցությամբ, մերժեց արդարադատության նախարարի միջնորդությունը

ԲԴԽ-ն, ձայների 4-3 հարաբերակցությամբ, մերժեց արդարադատության նախարարի միջնորդությունը

Այսօր Բարձրագույն դատական խորհուրդը՝ նախագահությամբ Գագիկ Ջհանգիրյանի, մերժեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունը։ 

Որոշումը ստորագրել են ԲԴԽ դատավոր անդամներ Սերգեյ Չիչոյանը, Ստեփան Միքայելյանը, Անի Մխիթարյանը, իսկ գիտնական֊անդամներից՝ միայն Գրիգոր Բեքմեզյանը։  Գագիկ Ջհանգիրյանը կողմ է եղել ԱՆ-ի միջնորդությունը բավարարելուն, սակայն նրա կողմնակիցների ձայները բավարար չեն եղել՝ այդպիսով արձանագրելով իր առաջին պարտությունը։

Գրիգորյանի ներկայացուցիչների պնդմամբ՝ վարույթ հարուցող մարմինը չի կարողացել հստակեցնել, թե դատավորի կողմից հարցազրույցում արված որ արտահայտությունն է համարվում կարծիք, վարույթ հարուցող սուբյեկտը չի կարողացել հիմնավորել մեղքի ձևը, մասնավորապես, նշվում է և՛ դատավորի կողմից վարքագծի կանոնների դիտավորյալ խախտումը, և՛ առնվազն կոպիտ անփութությունը, ուստի՝ առկա է մեղքի ձևի վերաբերյալ չկողմնորոշվածություն, ինչը վկայում է, որ չկա մեղքը։

Իրավաբան Ռուբեն Մելիքյանն այս առթիվ գրում է. 

«Գործն ուներ սկզբունքային կարևորություն, քանի որ փորձ էր կատարվում մի հարցազրույցում դատավորի արտահայտած ընդհանուր իրավագիտական դատողությունները ներկայացնել որպես մեկ այլ դատավորի վարույթում քննվող գործին միջամտություն։ Եվ ահա ԲԴԽ-ն ձայների 4-3 «բարդ» հարաբերակցությամբ կայացրեց շատ կարևոր որոշում՝ մերժելով գործադիրի միջնորդությունը։

ԲԴԽ-ի առջև դատավորի շահերը ներկայացնում էր «Իրավական ուղի»-ն՝ ի դեմս իմ գործընկեր Սիրանուշ Սահակյանի, ինչպես նաև փաստաբան Գեորգի Մելիքյանը»։