կարևոր
2119 դիտում, 2 տարի առաջ - 2021-08-16 16:11

Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը լիազորությունների դադարեցման մասին դիմում է գրել

Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը լիազորությունների դադարեցման մասին դիմում է գրել

ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը 2021թ. օգոստոսի 16-ին ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանուն ներկայացրել է դիմում։ Այս մասին տեղեկացնում է փաստաբան Էմին Խաչատրյանը։  

«Տեղեկացնում եմ, որ ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, ցանկանալով զբաղվել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի լիազորություններից բխող գործունեությամբ, 2021թ. օգոստոսի 16-ին ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանուն ներկայացրել է Սիսիանի համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին դիմում:

Հիշեցնենք, որ Հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Սիսիանի համյնքապետ Արթուր Սարգսյանը «Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, սակայն ԿԸՀ-ն բավարարել էր Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ կալանավորելու թույլտվություն ստանալու դատախազության միջնորդությունները: Հուլիսի 17-ին Արթուր Սարգսյանը կալանավորվել էր: Օգոստոսի 6-ին Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը  բողոքը մակագրել էր ինքն իրեն և որոշում կայացրել՝ մերժել Արթուր Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշման դեմ պաշտպանների բողոքը։

Սյունիքի համայնքապետներն այսօր քաղբանտարկյալի կարգավիճակում են, և օր առաջ օրվա իշխանությունները նրանց պետք է ազատ արձակեն: Այս մասին նշել է «Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար, նախկին ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը: Ըստ Օհանյանի նրանք պատգամավոր են և անձեռնմխելիությամբ են օժտված, և եթե օրվա իշխանությունն ազատ չարձակի, իրենք համապատասխան միջոցառումներ կձեռնարկեն:

Նա նշել է, որ քրեական գործերը համընկան հետընտրական ժամանակաշրջանի հետ, քանի որ իշխանությունն ընտրությունից հետո հետապնդում է իրականացնում: Կալանավորված է նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը: 

Ընտրություններից հետո տարբեր կեղծ մեղադրանքներով կալանավորված է Սյունիքի 4 համայնքապետ՝ Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյան, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյան, Մեղրի համայնքի՝ հրաժական ներկայացրած ղեկավար Մխիթար Զաքարյանը, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, Գորիս համայնքի Որոտան բնակավայրի ղեկավար Սուրեն Օհանջանյանը:

Կալանավորված է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության ղեկավար Արամ Գասպարյանը: Միջնորդություն է ներկայացվել նաև Մեղրու համայնքապետի տեղակալին և համայնքապետարանի գլխավոր մասնագետին կալանավորելու մասին: 

Բացի համայնքապետերից առանց հիմնավորումների տասնյակ սյունեցիներ բերման են ենթարկվել: Որոտանի բնակիչներն ահազանգում են, որ ոստիկաններն ահաբեկում են և ստիպում համայնքապետերի դեմ ցուցմունքներ գրել: Առանց որևէ հիմնավորման բերման են ենթարկվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության ղեկավար Արամ Գասպարյանը և անվտանգության մայոր, Խորհրդային Միության սպորտի վարպետ Տիգրան Ներսիսյանը: Առանց պարզաբանումների մեծաթիվ քննիչներ եւ Ազգային անվտանգության ծառայության «Ալֆա» ջոկատի ծառայողները ներխուժել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ և մի քանի ժամ շարունակ խուզարկում իրականացրել: