կարևոր
1741 դիտում, 2 տարի առաջ - 2021-08-16 11:27

Սասուն Խաչատրյանը մասնակցում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի մրցույթին

Սասուն Խաչատրյանը մասնակցում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի մրցույթին

Ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար մրցութային խորհուրդը ստացել է 3 հայտ: Այս պաշտոնին հավակնում են Սասուն Մհերի Խաչատրյանը, Գառնիկ Արտուշի Թորոսյանը և Դավիթ Ռուբենի Մկրտումյանը:

Սասուն Խաչատրյանից բացի, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար առաջադրվել է ևս երկու թեկնածու՝ իրավաբաններ Գառնիկ Թորոսյանը և Դավիթ Մկրտումյանը։ Թորոսյանի ներկայացված փաստաթղթերում մրցութային խորհրդի անդամները բացթողումներ էին նկատել եւ նրանից պահանջեցին, որ ներկայացնի նաեւ աշխատանքային գրքույկի պատճեն։ Թեկնածուն ներկայացված փաստաթղթերին կցել էր միայն Փաստաբանների պալատի տեղեկանքը՝ նա փաստաբանական գործունեությամբ զբաղվելու ստաժի մասին, իսկ որպես քննիչ աշխատանքային գործունեության վերաբերյալ ՀՀ ոստիկանությունից տեղեկանք չէր ներկայացվել։

Կոմիտեի նախագահի պաշտոնում մյուս թեկնածուն ԱԺ աշխատակազմի ղեկավարի օգնական Դավիթ Մկրտումյանն է։

«Նախատեսվում է, որ սեպտեմբերի առաջին կեսին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից կստացվեն հայցորդների մասով բարևարքության տեղեկանքներն ու կկայանան հարցազրույցները: Դրան, սակայն, նախորդելու է փաստաթղթերի ուսումնասիրության փուլը:

Վերջին հայտերը ստացվել են վերջնաժամկետի վերջին օրը (ու նույնիսկ վերջին ժամին) և տեխնիկական պատճառներով մեզ հասան ավելի ուշ:

Այդ իսկ պատճառով երեկ փոքր ինչ սխալ տեղեկատվություն գնաց հայցորդների քանակի մասին»,- տեղեկացնում է Մրցութային խորհրդի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոնիսյանը:

Մրցութային խորհրդի նախագահը Համլետ Ասատրյանն է, քարտուղարը՝ Մարիամ Գալստյանը, ադամներն են Գևորգ Բաղդասարյանը և Դանիել Իոաննիսյանը: 

Հիշեցնենք, որ մարտին ՀՀ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած Հակակոռուպցիոն կոմիտեի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է Հատուկ քննչական ծառայության լուծարում և Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծում: Նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 80 «կողմ», 38 «դեմ», 2 «ձեռնպահ» ձայներ: