Թուրքիայի Անտառտնտեսության գլխավոր վարչությունը տեղեկացնում է, որ երկրի արևելյան հատվածում վթարի ենթարկվել Бе-200 հրշեջ ինքնաթիռը, որն այդ երկրում հրդեհների մարման նպատակով ուղարկվել էր Ռուսաստանի Դաշնության կողմից: Ինքնաթիռի կործանման հետևանքով օդանավում գտնվող բոլոր անձինք մահացել են:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ինքնաթիռը կործանվել է կրակի մարման աշխատանքներին մասնակցելուց հետո: Կործանման պահին ինքնաթիռում գտնվել են 5 ռուս զինծառայող և Թուրքիայի Հանրապետության 3 ներկայացուցիչ, որոնք ռուսական կողմին ցույց են տվել հրդեհի օջախները:
Միջադեպի պատճառները պարզելու նպատակով դեպքի վայր է մեկնել ՌԴ պաշտպանության նախարարության հանձնաժողովը: Նախնական տվյալներով՝ ինքնաթիռը ջրի պաշարներ վերցնելուց հետո չի կարողացել բավարար բարձրություն հավաքել ու բախվել է ժայռերին: