կարևոր
2047 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-15 21:23

Հադրութի պաշտպանության օրը՝ 1992-ի օգոստոսի 15-ին. տոնդ շնորհավոր` Հադրութ

Հադրութի պաշտպանության օրը՝ 1992-ի օգոստոսի 15-ին. տոնդ շնորհավոր` Հադրութ

Օգոստոսի 15-ը նշվում է որպես Հադրութի վերածննդի օր: 1992-ին հենց այդ օրը Ադրբեջանի զինված ուժերը գրոհեցին քաղաքի վրա: Դա արցախյան պատերազմի ամենածանր շրջանն էր. Շահումյանի շրջանը ամբողջովին ընկած էր, իսկ հուլիսի 4-ին ադրբեջանցիները գրավել էին նաև Մարտակերտ քաղաքը: Հունիսի 28-ին հայկական կողմը չէր կարողացել պահպանել Հարդութի շրջանի Ցոր գյուղը: Ադրբեջանցիները գրավել էին այն և սպանել 18 խաղաղ բնակչի:

Հադրութցի, ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ, «Արցախի հերոս», Հադրութի շրջանի ընդհանուր հրամանատար Արթուր Աղաբեկյանը հիշում է Հադրութի պաշտպանությունը. 

«Արդեն 20 տարի է, ինչ նշում ենք Հադրութի օրը` օգօստոս 15-ը: Գիտեմ շատերը չեն հիշում 1992 թ. հունիսի 28-ը, 1992 թ. օգոստոսի 15-ը, 1993 թ. օգոստոսի 15-ը, շատերն էլ հազար ու մի հոգսից մոռացել են այդ օրերի հերոսներին, իսկ որոշներն էլ ականատես չեն եղել, հաճախ մասնակցում են կազմակերպված միջոցառումներին` առանց իմանալու այդ օրերի խորհուրդը:

Կպատմեմ 1992 թ. օգոստոսի 15-ի իրադարձությունները` ինչքան հիշողությունս կների, կանխավ խնդրում եմ ներողամիտ լինեն բոլոր նրանք, ում անուն առ անուն չեմ հիշի:

1992 թ. Հուլինի 5-ին Հադրութի շրջանի ընդհանուր հրամանատար նշանակվելուց հետո ես և Արմեն Աբրահամյանը անընդհատ փորձում էինք եղած ռեսուրոներով ճիշտ կազմակերպել Հադրութի պաշտպանությունը: Հերթական քննարկման ժամանակ` օգոստոսի 14-ի երեկոյան, որին մասնակցում էին շրջանի ջոկատների հրամանատարները ամբողջ գիշեր քննարկելուց և վիճելուց հետո գիշերվա ժամը 4-ին վերջնական համաձայնության եկանք Հադրութի, Էդիուլուի, Տողի ձորակի առանձին գումարտակների և Սարինշենի և Հին Թաղեր-Խծաբերդի առանձին վաշտերի կազմավորման հարցում: Առաջարկություն եղավ Ռժիկին (Արթուր Սարգսյան) նշանակել Տողի գումարտակի հրամանատար, Սարոյին (Սարո Սարդարյան) նշանակել Հադրութի գումարտակի հրամանատար, Էդիուլի ձորակի և Էջմիածնի ջոկատի միավորմամբ ձևավորել Էդիլուի գումարտակը:

Խորհրդակցությունը նոր էր ավարտվել, երբ ժամը 4:30 սկսվեց Հադրութի ռմբակոծությունը:

Ժամը 5:00-ին տեղեկություն ստացանք, որ ամբողջ առաջնագծի երկայնքով (Ավետի թումբ մինչև Մելիքաշեն) հակառակորդը մոտեցել է դիրքերին:

Ժամը 5:00-ին առաջին հարձակումը եղավ Խռուհատի` «30''-ի ուղղությամբ, որտեղ մարտական հերթապահության էր ավղանցիների ջոկատը:

Խռուհատից մինչև Սարինշեն ունեինք կահավորված 5 դիրք («30», “ ցորի ճանապարհ», «բերդ», «Վանքի գլուխ» և «Ավետի թումբ») , որից զբաղեցրված էր միայն 4-ը` բացառությամբ «բերդ» դիրքից:

Մոտ 1 ժամ մարտնչելուց հետո «Ավղանցիների ջոկատը» տալով 1 զոհ և 11 վիրավոր նահանջեց «30»-ի և «ցորի ճանապարհի” արանքում գտնվող «հեռուստաշտարակ» բարձունքը և նրանց հասած առաջին օգնությունը` Կամիսարի ջոկատը մարտը վերցրեց իր վրա: Նոր տեղեկություն ստացանք, որ ազերիները մտել են Մելիքաշեն գյուղ, իսկ գյուղը պահող 2 ջոկատները նահանջել են գյուղի թիկունքի բարձունքները, իսկ Խռուհատի ուղղությամբ «բերդ» դիրքում և շրջակա բարձունքներում ազերիները արդեն դիրքավորվել են` Հադրութը դնելով կրակի տակ:

Ով ծանոթ է տարածքին կպատկերացնի թե ինչ իրավիճակում էին հայտնվել Հադրութ ավանը և շրջակա գյուղերը, որի բնակիչները հունիսի 28-ին բնակավայրերը լքելուց հետո նոր էին վերադարձել իրենց տները:

Այդ ընթացքւմ ռմբակոծությունն ավելի էր ինտենսիվացել, ավանում տեղ-տեղ բռնկվում էր հրդեհ, իսկ տեղաշարժը դառնում էր էլ ավելի վտանգավոր:

«30»-ի ուղղությամբ ստիպված նոր օգնություն է ուղղարկվում` տեղանքին քաջ ծանոթ Դավիդովի ջոկատը, հետախուզության պետի` Լոբիի (Ռոբերտ Համբարձումյան) գլխավորությամբ: Հետագա գործողությունների պատասխանատվությունը այդ ուղղությամբ ընկնում է Լոբիի վրա: Դավիդովի ջոկատը բաժանվում է 2 մասի` մի մասը Լոբիի հետ շարժվում է Կամիսարին օգնության, իսկ մյուս մասը Դավիդովի հրամանատարությամբ զբաղեցնում է «ցորի ճանապարհ» դիրքը և շարժվում դեպի «բերդ»:

Ժամը 11-ին Մելիքաշենից մինչև Սարինշեն ազերիների առաջխաղացումը կասեցված էր, պետք էր վերականգնեին դիրքերը, այլապես անհնար կլիներ պահել Հադրութը և շրջակա գյուղերը:

Կորցրած դիրքերը վերականգնելու համար Հադրութում ձևավորվեց մարտական խումբ Էրիկի գլխավորությամբ և օգնություն կանչվեց «Մեծ Թաղերի»ց: Երկու ջոկատներն էլ շարժվեցին «30»-ի և «բերդ»-ի ուղղությամբ, իսկ Թաղասեռի դասակը Ռժի Արթուրի հրամանատարությամբ «Վանքի գլխից» շարժվեց դեպի «բերդ»: Ծանր մարտեր սկսվեց «30»-ից մինչև «բերդ» հատվածում և միայն ժամը 17:00-ին դիրքերը վերականգնվեցին: Թշնամին ոչ թե նահանջեց, այլ ջախջախվեց` թողնելով 42 դիակ:

«30»-ի ուղղությամբ հակառակորդը թողեց 2 տանկ և 1 БМП-1, Մելիքաշենի ուղղությամբ` 1 տանկ և 1 БМП:

Մելիքաշենում դիրքավորված ազերիները տեսնելով «Խռուհատի» պարտությունը սկսեցին նահանջել, նրանց սկսեցին հետապնդել մեր տղաները:

• Օգոստոսի 15-ին Հադրութում գործարկվեց հադրութեցիներին քաջ ծանոթ «Թութակ»-ը:

• Օգոստոսի 15-ին Հադրութի առանձին տղաներ հասկացան, որ ամեն հադրութեցի կարող է լինել նվիրյալ զինվոր, Հադրութի հերոս պաշտպան:

• Օգոստոսի 15-ին հադրութեցիները հասկացան թե ինչքան կարևոր է, երբ բոլորս համախմբվում ենք մեկ հրամանատարության ներքո:

• Օգոստոսի 15-ը Հադրութի և 1-ին պաշտպանական շրջանի համար որպես օր նշելը` գեներալ-մայոր Արմեն Աբրահամյանի նախաձեռնությունն է:

Սիրելի Հադրութեցիներ հիշեք Ձեր հերոսներին անուն առ անուն:

Հավերժ փառք նահատակ մեր հերոսներին, հավերժ փառք հանուն Հադրութի` օգոստոսի 15-ին նահատակված մեր հերոսներին:

Օգոստոսի 15-ին Հադրութի պաշտպանության մարտերում զոհվել են`

1. Բաբայան Վարդկես Զավենի 1956թ. գ. Թաղասեր Խուրհատ

2. Հայրիյան Համլետ Գուրգենի գ.Մեծ Թաղեր (01.09.92թ. վիրավոր.Խուրհատ, մահացավ հոսպիտալում)

3. Մելքումյան Էրնեստ Արմիկի գ.Մելիքաշեն (17.08.92թ. վիրավոր. գ. Մելիքաշեն, մահացավ հոսպիտալում)

4. Պետրոսյան Սերգեյ Փաշիկի (ավղանցիների ջոկատ) ք. Երևան Խուրհատ

Օգոստոսի 15-ին Հադրութի պաշտպանության մարտերում վիրավորվել են`

1. Ավանեսով Կոնստանտին Արամի 1967թ. ք.Աշխաբադ Խուրհատ

2. Բանդրյան Լևոն Արամի 1960թ. գ. Մեծ Թաղեր Խուրհատ

3. Բեգլարյան Արտեմ Բենիկի 1975թ. գ. Քոշբեկ գ. Մելիքաշեն

4. Հայրիյան Կառլեն Շմավոնի 1953թ. գ. Տող գ. Մելիքաշեն

5. Ղազարյան Արտեմ Իշխանի 1941թ. գ. Դուդուկչի գ. Էդիլլու

6. Մարտիրոսյան Համլետ Աբրիկի 1970թ. ք. Հադրութ գ. Մելիքաշեն

7. Մելքումյան Ալեքսանդր Սոկրատի 1966թ. ք. Հադրութ գ. Քոշբեկ

8. Միքայելյան Կառլեն Լևոնի 1956թ. գ. Տող գ. Մելիքաշեն

9. Մուրադյան Էլբրուս Ասլանի 1954թ. գ. Մելիքաշեն

10. Մուսայելյան Արտուր Արտաշի 1965թ. գ. Բուլութան գ. Մելիքաշեն

11. Մուսայելյան Կամո Գրիգորիի 1967թ. գ. Բանազուր գ. Մելիքաշեն

12. Նազարյան Կամո Միքայելի 1961թ. ք. Հադրութ Խուրհատ

13. Սամսոնյան Միգել Սլավիկի 1975թ. ք. Հադրութ Խուրհատ

14. Սարգսյան Արմեն Ալեքսանդրի 1967թ. ք. Հադրութ Խուրհատ

15. Սարգսյան Էդուարդ Ասծատուրի 1966թ. ք. Հադրութ գ. Մելիքաշեն

16. Սավադյան Ռոբերթ Վահանի 1971թ. ք. Հադրութ գ. Մելիքաշեն

17 Փամրազյան Ասծատուր Գրիգորիի 1966թ. գ.Թաղասեր Խուրհատ

Ավղանցիների ջոկատ

18. Բալդրյան Լևոն Արամայիսի ք. Երևան Խուրհատ

19. Դալմազյան Սուրեն Անդրանիկի ք. Երևան Խուրհատ

20. Գալստյան Աշոտ Արամայիսի ք. Երևան Խուրհատ

21. Սիրեկանյան Սեյրան Ժորժիկի ք. Երևան Խուրհատ

22. Սահակյան Արմեն Ժորայի ք. Երևան Խուրհատ

23. Սաղաթելյան Վաչագան Ռաֆիկի ք. Երևան Խուրհատ

24. Մինասյան Ալբերտ Սարգիսի ք. Երևան Խուրհատ

25. Հարությունյան Հակոբ Հարությունի ք. Երևան Խուրհատ

26. Հարությունյան Արամ Նորայրի ք. Երևան Խուրհատ

27. Հարությունյան Վահագ Սոսի ք. Երևան Խուրհատ

Տոնդ շնորհավոր` Հադրութ: