կարևոր
505 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-15 18:28

2021 թ. ընթացքում արդեն երրորդ հայկական ավիաընկերությունն է զրկվում օդանավ շահագործողի վկայականից. hetq.am

2021 թ. ընթացքում արդեն երրորդ հայկական ավիաընկերությունն է զրկվում օդանավ շահագործողի վկայականից. hetq.am

2021 թ. ընթացքում արդեն երրորդ հայկական ավիաընկերությունն է զրկվում օդանավ շահագործողի վկայականից (ՕՇՎ), ինչը կոմերցիոն թռիչքներ կատարելու իրավունք է տալիս: 2017-ից մինչեւ հիմա սա ՕՇՎ կորցնելու դեպքերի ամենամեծ ցուցանիշն է: Այս մասին գրում է hetq.am կայքը:

Այս տարվա ընթացքում իրենց ՕՇՎ-ներից զրկվել են «Atlantis European Airways»-ը, որը դեռ նախորդ աշնանը սնանկ էր ճանաչվել, եւ «Fly Armenia Airways»-ը: Այս ամիս նրանց շարքը համալրեց «Սմարթ Էյրլայնզ» ՍՊԸ-ն (Smart Airlines):  

2019-ի նոյեմբերից մինչ օրս՝ 2 տարուց էլ պակաս ժամանակահատվածում, տարբեր պատճառներով ՕՇՎ-ից զրկվել է 6 ավիաընկերություն, որոնցից միայն մեկն է (օդապարիկներ շահագործող «Սքայբոլ» ընկերությունը) կրկին վկայական ձեռք բերել:

Օդանավ շահագործողի վկայականներից զրկված «Տարոն-Ավիան» ու «Մարս Ավիան», ՊԵԿ-ի տվյալների համաձայն, ավելի ուշ դադարեցրել են գործունեությունը (ոչ թե որպես ավիաընկերություն, այլ ընդհանրապես իբրեւ իրավաբանական անձ), «Atlantis European Airways»-ը լուծարման գործընթացում է, իսկ «Fly Armenia Airways»-ը մտադիր է շարունակել ավիացիոն գործունեությունը, չնայած ոչ մի անգամ կոմերցիոն չվերթ չի իրականացրել:

  • Վերջին 1,5 տարում հայկական 4 ավիաընկերություն դուրս է եկել շուկայից

Դժվար է ասել, թե ինչ է սպասվում ՕՇՎ-ից զրկված «Smart Airlines»-ին, քանի որ այս տարվա հունվարի 1-ից հետո ընկերությունը որեւէ թռիչք չի իրականացրել ու չէր էլ կարող, որովհետեւ չունի գեթ մեկ օդանավ:

Հիշեցնենք, որ այս ընկերությունը հիմնադրվել է դեռ 2010 թ. եւ նախկինում փաստացի պատկանում էր քաղավիացիայի գլխավոր վարչության (ներկայում՝ քաղավիացիայի կոմիտե) պետի նախկին տեղակալ, ՀՀ-ում Ավստրիայի պատվո հյուպատոս Արամ Մարությանին, որը 2020 թ. հոկտեմբերին «Atlantis Armenian Airlines» անունը կրող ընկերությունն օտարեց նոր տերերի: Վերջիններս էլ դեկտեմբերին անվանափոխեցին ավիաընկերությունը՝ կոչելով «Smart Airlines»:

  • «ԱԹՍ արտադրողը» ձեռք է բերել հայկական ավիաընկերություններից մեկը

Երեւանում գրանցված այս ավիաընկերության ներկա սեփականատերերը երկուսն են՝ աշտարակցի Էդուարդ Օհանյանն (1 %) ու երեւանյան «Իննովեյշն Թեքնոլոջի Սիստեմս» ՍՊԸ-ն (99 %), որն ամբողջությամբ պատկանում է մայրաքաղաքում հաշվառված Արթուր Պողոսյանին: Ըստ «Իննովեյշն Թեքնոլոջի Սիստեմս» ընկերության կանոնադրության՝ դրա գործունեության հիմնական ուղղությունն ԱԹՍ-ների արտադրությունն է, չնայած ՊԵԿ-ը նշում է հանքարդյունաբերության ոլորտում օժանդակ ծառայությունների մատուցումը: Հատկանշական է նաեւ, որ «Smart Airlines»-ի 99 %-ի սեփականատեր ՍՊԸ-ն գրանցված է Բարգատունյաց 73-ում, որտեղ գործում է «Պատրոն Դավիթ» անունով հայտնի գործարար Դավիթ Գալստյանին պատկանող «Նեյտրոն» գործարանը («Նեյտրոն գիտաարտադրական միավորում» ՓԲԸ): Գրել էինք, որ Արթուր Պողոսյանի եւ Դավիթ Գալստյանի կապի մասին է խոսում նաեւ այն փաստը, որ Պողոսյանը տնօրեն ու բաժնետեր է այնպիսի ընկերություններում, որոնցում աշխատել կամ աշխատում են Գալստյանի գործընկերները:

Այն բանից հետո, երբ Արամ Մարությանն ավիաընկերությունը վաճառեց նոր տերերին, դրա հաշվեկշռում միայն մեկ օդանավ կար՝ EK-76345 գրանցումով «Իլ-76ՏԴ» բեռնատար ինքնաթիռը, որը 44-օրյա պատերազմի օրերին կարեւոր բեռնափոխադրումներ էր կատարում Հայաստանի կարիքների համար: Սակայն այս օդանավն ավիաընկերության բալանսում էր մինչեւ 2020 թ. դեկտեմբերի 31-ը, այսինքն՝ «Smart Airlines»-ն այս տարվա հունվարի 1-ից հետո օդանավ չի ունեցել:

Այս պայմաններում ավիաընկերության ՕՇՎ-ի գործողությունը քաղավիացիայի կոմիտեն կասեցրել է միայն ապրիլի 30-ին ու մինչեւ հուլիսի 30-ը ժամանակ տվել ընկերությանը՝ բացթողումները շտկելու համար: Կարող ենք ասել, որ «Smart Airlines»-ը չի բավարարել ՔԱԿ-ի պահանջները, եւ օգոստոսի 2-ին կոմիտեն ավիաընկերությանը զրկել է ՕՇՎ-ից, որի գործողությունը նախատեսված էր մինչեւ 2022 թ. օգոստոս:

Նկատենք, որ նման բան տեղի է ունեցել նաեւ «Fly Armenia Airways»-ի հետ: ՔԱԿ-ն այս ընկերության ՕՇՎ-ի գործողությունը կասեցրել էր հունիսի 11-ին՝ հիմք ընդունելով Իրանում հայտնված օդանավի սկանդալի մասնագիտական քննության արդյունքում հայտնաբերված թերություններն ու այն փաստը, որ «Fly Armenia Airways»-ը չուներ շահագործման ենթակա որեւէ պիտանի օդանավ (ընկերությունը մինչ այդ հրաժարվել էր իր տրամադրության եղած «Boeing 737-400» ինքնաթիռից, որը թռչելու իրավունք ուներ, իսկ Իրանից Հայաստան տեղափոխված «Boeing 737-300»-ը ոչ միայն թռիչքային պիտանիություն չունի, այլեւ հայկական ավիափոխադրողն այլեւս չի ցանկանում այն շահագործել): «Fly Armenia Airways»-ի վկայականի գործողության կասեցման վերջնաժամկետը հուլիսի 2-ն էր, այդ ընթացքում ընկերությունը պետք է վերացներ ՔԱԿ-ի մատնանշած թերությունները, սակայն հարցն այն է, որ հուլիսի 2-ը նաեւ ՕՇՎ-ի գործողության վերջնաժամկետն էր: Մեր տեղեկություններով՝ չնայած ավիաընկերությունը դիմել էր կոմիտեին՝ վկայականի ժամկետը երկարաձգելու համար, դա տեղի չի ունեցել, եւ հուլիսի սկզբին «Fly Armenia Airways»-ն ուղղակի զրկվել է ՕՇՎ-ից:

Հատկանշականն այն է, որ «Fly Armenia Airways»-ի պարագայում հունիս ամսից շահագործման (թռչելու) պիտանի օդանավ չունենալու հանգամանքն անմիջապես դրվել է ՕՇՎ-ի կասեցման հիմքում, չնայած ՔԱԿ-ը բերել է նաեւ այլ պատճառ՝ ավիաընկերության անունով գրանցված «Boeing 737-300»-ի իրանական միջադեպի քննության արդյունքները: Իսկ ահա «Smart Airlines»-ի պարագայում, որը հունվարի 1-ից չուներ ՀՀ-ում գրանցված որեւէ օդանավ (թեկուզ թռիչքային պիտանիություն չունեցող), կոմիտեն վկայականի գործողության կասեցում է արել 4 ամիս անց՝ ապրիլի 30-ին:

«Ավիացիայի մասին» օրենքում չի նշվում, որ շահագործման համար պիտանի օդանավ չունենալը ՕՇՎ-ն կասեցնելու հիմք է: Օրենքում, մասնավորապես, ասվում է, որ օդանավ շահագործողի վկայականով նախատեսված գործունեությունը հատուկ պայմանների եւ սահմանափակումների խախտումներով կամ շրջանակներից դուրս իրականացնելու դեպքում ՕՇՎ-ի գործողությունը կարող է կասեցվել կոմիտեի կողմից մինչեւ խախտումների վերացումը: Եթե խախտումների վերացման համար տրված ժամկետում դրանք չեն վերացվել, կոմիտեն ՕՇՎ-ի գործողությունը կարող է դադարեցնել:

Հարցն այն է, որ ՕՇՎ տալու կարգը սահմանում է, որ վկայական ստանալու համար հայտատուն, ի թիվս այլ պայմանների բավարարման, պետք է առնվազն մեկ պիտանի օդանավի սեփականատեր կամ վարձակալ (ենթավարձակալ) լինի կամ էլ օդանավի ձեռքբերման, վարձակալության կամ ենթավարձակալության վերաբերյալ մտադրությունների հուշագիր կնքած լինի: Այսինքն՝ եթե ավիաընկերությունը չունի ո՛չ շահագործման պիտանի օդանավ, ո՛չ էլ գոնե դրա գնման կամ վարձակալության մասին հուշագիր, նրան ՕՇՎ չի տրվի, ունենալու դեպքում էլ դրա գործողությունը կկասեցվի, մինչեւ որ այդ պահանջը կրկին բավարարվի:

Դատելով նրանից, որ ապրիլի 30-ին «Smart Airlines»-ի ՕՇՎ-ն կասեցվել է 3 ամսով, սակայն այդ ընթացքում ընկերության շարժակազմում այդպես էլ որեւէ օդանավ չի հայտնվել (դրա մասին են հուշում ՀՀ օդանավերի ռեեստրի տվյալները), ու, թերեւս, գոյություն չի ունեցել նաեւ օդանավի ձեռքբերման փաստաթուղթ՝ կարող ենք ասել, որ դա վկայականի գործողությունը դադարեցնելու հիմք է դարձել ՔԱԿ-ի համար:

Այս պահին Հայաստանում ՕՇՎ ունի 6 ավիաընկերություն.

««Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերություն» ՓԲԸ (Armenia Airways) – IATA-ի եւ ICAO-ի կոդերը՝ 6A, AMW
«Ավիակոմպանիա Արմենիա» ՍՊԸ (Aircompany Armenia) – RM, NGT
«Արմենիան Հելիքոփթերս» ՍՊԸ (Armenian Helicopters) - KAV
«ՆովԷյր» ՍՊԸ (NovAir) - NG, NAI
«Շիրակ Ավիա» ՍՊԸ (Shirak Avia) - SHS
«Սքայբոլ» ՍՊԸ (Skyball):