կարևոր
2725 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-15 13:36

Լոռիում ոստիկանների «կանգ առ» հրահանգին չենթարկվելով՝ կոճղերով բարձված Ford-ը կողաշրջվել է. կա 2 զոհ

Լոռիում ոստիկանների «կանգ առ» հրահանգին չենթարկվելով՝ կոճղերով բարձված Ford-ը կողաշրջվել է. կա 2 զոհ

Օգոստոսի 14-ին ժամը 21։00-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Մարց-Լորուտ միջգյուղական ավտոճանապարհին՝ անտառային հատվածում, ավտոմեքենա է գլորվել անտառը։ 

Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը նշված վայրից «Ալավերդի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 դի։

Ըստ shamshyan.com կայքի նախնական տեղեկությունների համաձայն՝ Ford Transit մակնիշի առանց համարանիշի, մեծ փայտանյութով՝ հաստաբուն կոճղերով, բարձված ավտոմեքենան Մարց-Լորուտ միջհամայնքային ճանապարհով անցնելիս է եղել, երբ այդ վայրում ոստիկանական ստուգիչ անցակետում ծառայություն կատարող ոստիկանները զգուշացրել են կանգ առնել, սակայն Ford-ի վարորդը չի ենթարկվել ոստիկանների պահանջին և էլ ավելի է սկսել արագ վարել ավտոմեքենան, որպեսզի շուտ հեռանա տեսադաշտից։

Ոստիկանները սկսել են հետապնդել և մի քանի անգամ ոստիկանական Վիլիսի լուսային և ձայնային ազդանշաններով հետապնդել են Ford-ը և բարձրախոսով հրահանգել են, որպեսզի նա ենթարկվի ոստիկանների «կանգ առ» պահանջին։ Մի քանի կիլոմետր անցնելուց հետո Ford-ը կորել է ոստիկանների տեսադաշտից, ու նրանք սկսել են որոնել կասկածելի ավտոմեքենան։ Հասնելով արդեն Լորուտի վարչական տարածք՝ նկատել են, որ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել անտառում՝ բախվելով ծառին։ Տեղում հայտնաբերվել է մահացած 2 տղամարդու մարմին։ 

Մինչ կժամանեին օպերատիվ խմբերը, մի խումբ անձինք հարձակվել են ոստիկանւթյան աշխատակիցների վրա, քարերով, փայտերով վնասվածքներ պատճառել նրանց, ապա պնդել, որ եթե ոստիկանները չհետապնդեին Ford Transit-ը, ապա այն վթարի չէր ենթարկվի:  

Նշված վայրից մոտ 1.5-2 կմ հեռավորության վրա այս անգամ արդեն հարձակման է ենթարկվել դեպքի վայր շտապող ոստիկանության ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենան, որտեղ նույնպես ծեծի են ենթարկվել ոստիկանները։ 

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել ենտեսախցիկի առաջ խոսել, պատմել են, որ միջադեպի հետևանքով կան նաև վիրավորներ, ովքեր տեղափոխվել են «Ալավերդի» բժշկական կենտրոն։

Վթարի ենթարկված Ford Transit մակնիշի ավտոմեքենան, ըստ կայքի, բարձված է եղել հսկայական՝ կտրված առողջ ծառերի կոճղերով:

Փաստի առթիվ  ստեղծվել է քննչական խումբ, որտեղ էլ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 316 հոդվածի 1-ին մասի, 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի, 242 հոդվածի 3-րդ մասի և 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։