1992թ. այս օրը` օգոստոսի 15-ին Արցախի Գերագույն խորհրդի նախագահության որոշմամբ ստեղծվում է Պաշտպանության պետական կոմիտեն՝ գործադիր կառավարման բարձրագույն մարմին, որն ամբողջ իշխանությունն ու ռեսուրսները կենտրոնացրեց իր ձեռքը, կյանքի կոչեց լիակատար մոբիլիզացիա՝ հնարավոր դարձնելով հաղթանակը։ Այն ստեղծվեց Ռոբերտ Քոչարյանի առաջարկով:
Ռոբերտ Քոչարյանը հուշագրության մեջ ընդգծում է ԱՀ ԱԺ պատգամավոր Բորիս Բաբայանի դերը՝ ստեղծված իրավիճակում ամբողջ պատասխանատվությունն իր վրա վերցնող միասնական ղեկավար մարմին ձևավորելու նախնական քննարկումներում:
Հատկանշական է Ռոբերտ Քոչարյանի հատկապես հետևյալ դիտարկումը. «Իհարկե, կասկածներ դեռ ունեի. այդ հանգամանքներում անհնար էր բացարձակ վստահ լինել հաջողությանը: Բայց տեսնում էի, որ մարդիկ հույսով են նայում ինձ: Հայտնվել էի մի վիճակում, որտեղ ընտրություն չկա, հատկապես երբ հասկանում ես՝ եթե ոչ դու, ապա ուրիշ ոչ ոք դա չի անի: Չէ՞ որ հարցն այսպես էր դրված. կորցնում կամ չես կորցնում հայրենիքդ ամենաուղղակի իմաստով»,-պատմում է Ռոբերտ Քոչարյանը:
29 տարի առաջ, այս օրերին Արցախում իսկապես օրհասական իրադրություն էր: Շուշիի ազատագրման փայլուն գործողությունից, Բերձորի ազատագրումից ու Հայաստանի հետ ցամաքային կապը վերականգնելուց հետո, ճակատում ձախողումներ եղան և ծանր կորուստներ, մեկը մյուսի հետևից:
Պաշտպանության պետական կոմիտեի առաջին քայլերը բխում էին ստեղծված իրավիճակից. ընդհանուր զորահավաք, կամավորական ինքնապաշտպանական ջոկատներից անցում կանոնավոր բանակի՝ համապատասխան կառուցվածքով ու անհրաժեշտ կարգապահությամբ, բոլոր նյութական ռեսուրսների կենտրոնացում և խիստ վերահսկողություն...
Պաշտպանության Պետական Կոմիտեի ղեկավար հետևյալ կազմ ձևավորվեց՝
Ռոբերտ Քոչարյան – ՊՊԿ նախագահ
Կարեն Բաբուրյան - նախագահի տեղակալ
Սերժ Սարգսյան - Ինքնապաշտպանության ուժերի կոմիտեի ղեկավար
Արմեն Իսագուլով - Ներքին գործերի ղեկավար
Սամվել Բաբայան - Ինքնապաշտպանության ուժերի ղեկավարի տեղակալ, ՊԲ հրամանատար
Բորիս Առուշանյան - Տնտեսական գծով ղեկավար
Վալերի Բալայան - Պաշտպանության և ավտանգության կոմիտեի ղեկավար
Արդեն 1992 թվականի աշնան կեսերին հաջողվեց ռազմաճակատում շտկել իրադրությունը, ոչ միայն դադարեցնել թշնամու հետագա առաջխաղացումը, այլև անցնել դիրքային մարտերի: Իսկ 1992-ի նոյեմբերին արդեն Արցախի բանակն անցավ պատասխան հարձակողական գործողությունների: Ապա շարունակվեցին փառահեղ հաղթանակները՝ Մարտակերտի շրջանի ու շրջկենտրոնի ազատագրում, Քարվաճառի ազատագրում և այդպես շարունակ, մինչև 1994-ի մայիսի, այսպես ասենք՝ հաղթական հրադադարի պայմանագիրը: