կարևոր
1240 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-14 22:51

Ուղիղ 100 տարի առաջ այս օրը բացվեց Պետական թանգարանը

Ուղիղ 100 տարի առաջ այս օրը բացվեց Պետական թանգարանը

Ուղիղ 100 տարի առաջ այս օրը՝ 1921 թ. օգոստոսի 14-ին, Խորհրդային Հայաստանի կառավարության որոշմամբ բացվեց Պետական թանգարանը, որի հինգ բաժիններից մեկը արվեստի բաժինն էր: Հայաստանի համար դժվարին այդ ժամանակաշրջանում, երբ պետությունը կանգնած էր բազմաթիվ լրջագույն խնդիրների առաջ, նման մշակութային կենտրոնի հիմնումը բավական բարդ, բայց պահանջված ու պատասխանատու քայլ էր: Աշխարհասփյուռ հայությանը պետք էր մի փարոս, որը կմեկտեղեր ազգի մշակութաստեղծ ուժը և կհանդիսանար ոգեղեն վերածննդի հիմք:

Հայաստանի ազգային պատկերասրահից հայտնում են, որ հիմնադրման պահից առ այսօր Հայաստանի ազգային պատկերասրահը հանդիսանում է Հայաստանի խոշորագույն, իսկ հայկական արվեստի հավաքածուով՝ աշխարհում ամենամեծ, ամենահարուստ թանգարանը, որտեղ պահվում են ավելի քան 40 000 բարձրարժեք նմուշներ:

Լինելով Հայաստանի կարևորագույն մշակութային կառույցներից մեկը՝ Հայաստանի ազգային պատկերասրահը հավատարիմ է մնացել դեռևս 100 տարի առաջ որդեգրած իր հիմնական սկզբունքներին՝ հավաքել, ուսումնասիրել, պահպանել ու հանրահռչակել հայ և համաշխարհային արվեստի գանձերը ողջ աշխարհում:

Ձևավորված մեկդարյան ավանդույթների ու նվիրյալ աշխատակիցների շնորհիվ՝ Պատկերասրահն այսօր ազգային, հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման, մշակութային դաստիարակության ու գիտակրթական խոշորագույն կենտրոն է, որը քայլելով ժամանակին համընթաց, չի դադարում հիացնել և հետաքրքրել արվեստասեր հանրությանը նոր մտքերով ու նախագծերով: