կարևոր
1795 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-14 20:57

1896 թվականի օգոստոսի 14. այսօր ՀՅԴ-ի կողմից Բանկ Օտոմանի գրավման 125-ամյակն է

1896 թվականի օգոստոսի 14. այսօր ՀՅԴ-ի կողմից Բանկ Օտոմանի գրավման 125-ամյակն է

125 տարի առաջ այս օրը՝ 1896 թվականի օգոստոսի 14-ին տեղի ունեցավ Բանկ Օտոմանի գրավումը: 

ՀՅԴ Դաշնակցության Պոլսի Կենտրոնական Կոմիտեի և կուսակցության Արևմտյան բյուրոյի կողմից որոշում ընդունվեց գրավել Օսմանյան բանկը՝ Բանկ Օտոմանը, որը միջազգային ֆինանսական հոսքերի գլխավոր հաստատությունն էր Արևելքում: Գործողությունը ղեկավարում էին երիտասարդ դաշնակցականներ, 23-ամյա Բաբկեն Սյունին (Պետրոս Փարյան), 24-ամյա Արմեն Գարոն (Գարեգին Փաստրմաջյանը) և 25-ամյա Հրաչ (Հայկ) Թիրաքյանը: Բանկ Օտոմանի հիմնական նպատակը եվրոպական երկրների ուշադրությունը Հայկական հարցի և հայկական բարեփոխումների վրա հրավիրելն էր:

ՀՅԴ կողմից ծրագրված և իրականացված զինված հարձակումը անմիջապես հետևում էր Համիդյան ջարդերին, ինչը և իրականում դարձավ այդ գործողության մղիչ ուժը: Հարձակման ընթացքում Սյունին զոհվում է: Գործողությունը ղեկավարում են Արմեն Գարոն և Հրաչ Թիրաքյանը: Օսմանյան բանկը նրանց գրավման տակ մնում է մեկ օրից պակաս, մինչև օգոստոսի 15-ի առավոտը: Այս ընթացքում տեղի են ունենում բանակցություններ, որը կատարվում էր Պոլսում Ռուսաստանի դեսպանության աշխատակից Մաքսիմովի միջնորդությամբ: Բանակցությունների հիմնական կետն այն էր, որ եվրոպական պետությունները բարենորոգումներ են իրականացնելու, հետևաբար՝ զինված խումբը պետք է զենքը վար դնի:

Նրանք պահանջում էին.

Ա. Դադարեցնել Պոլսում սկսված հայ անմեղ քաղաքացիների կոտորածը.

Բ. Գրավոր երաշխիքներ տալ հայկական նահանգներում բարեփոխումներ սկսելու մասին.

Գ. Ազատ արձակել բոլոր հայ քաղաքական բանտարկյալներին:

Եվրոպական դեսպանների անունից ռուսական դեսպանատան թարգման Մաքսիմովը հայ յեղափոխականներին հաւաստիացնում է, որ խոստանում են ազդել սուլթանական կառավարության վրա եւ իրագործել տալ այդ բարեփոխումները, ինչպես նաեւ խոստանում են ապահովել նրանց անվնաս հեռացումը Թուրքիայից։ 13 ժամ տեւած ընդհարումից հետո մարտիկները լքում են բանկը եւ տրամադրված ֆրանսիական նավով մեկնում Մարսել։

Բարենորոգումներ, այդպես էլ չիրականացվեցին: Բանկ Օտոմանի գրաւվումը թեև չհասավ իր սահմանած նպատակների իրագործմանը, այնուամենայնիւ, այն դարձավ հանուն հայ ժողովրդի իրավունքների եւ արժանապատւության պայքարի հերոսական գրքի առաջին էջը, որն ազդարարեց ողջ աշխարհին, որ հայն այլեւս չի պատրաստւում լուռ հանդուրժել իր դեմ բռնություններն ու անարդարությունը:

Օսմանյան բանկի գրավման գործողության մասին հետագայում գրվել են հոդվածներ, գրքեր, երգեր: Բանկ Օտոմանի ղեկավար վկազմի երեք անդամները տարբեր ճակատագրեր ունեցան:

Բաբկեն Սյունին, գործողության հենց սկզբում, իր իսկ ձեռքի ռումբի պայթյունից զոհվեց: Հրաչ Թիրաքյանը ձերբակալվեց 1915-ին՝ մտավորականների խմբի հետ, և խոշտանգվեց ու սպանվեց Անկարայի մոտ:

Արմեն Գարոն 1908-1912 թթ․ եղավ Օսմանյան կայսրության մեջլիսի պատգամավոր ՀՅԴ-ից: 1911 թ. ՀՅԴ-ի կոալիցիոն տեղով նշանակվեց հեռահաղորդակցության նախարար Թալեաթ փաշայի առաջարկությամբ և աշխատեց մինչև 1912 թ. պետական հեղաշրջումը։ 1913 թ. կրկին նշանակվեց նախարար, այս անգամ՝ առևտրի և հանրային աշխատանքների, և երիտթուրքերի իշխանության օրոք աշխատեց մինչև 1914 թ:

Շահան Նաթալիի հետ Արմեն Գարոն 1919թ․ կազմակերպեց «Նեմեսիս» գործողությունը, որի արդյունքում ոչնչացվեցին Հայոց ցեղասպանության կազմակերպիչ երիտթուրք դահիճները։

Արմեն Գարոն Հայաստանի Հանրապետության երկրորդ գումարման խորհրդարանի ՀՅԴ խմբակցության պատգամավոր էր (1919-1920 թթ.), ԱՄՆ-ում ՀՀ առաջին դեսպանը: Նա վախճանվել է 1923 թ. մարտի 23-ին Ժնևում: