Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ժիրայր Պողոսյանին 1-ին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի.
Ժիրայր Պողոսյանին ազատել 1-ին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում:
Հիշեցնենք, որ արդեն երկրորդ կորպուսի հրամանատարն է ազատվում պաշտոնից եւ դեռ որեւէ պաշտոնի չի նշանակվում։ Ավելի վաղ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատվել էր Գրիգորի Խաչատուրովը։
Ժիրայր Պողոսյանը ծնվել է ԼՂՀ Մարտունու շրջանի Ճարտար գյուղում։ 1991թ. ավարտել է միջնակարգ դպրոցը և համալրել գյուղի ինքնապաշտպանական ջոկատի շարքերը։ Հետագայում, երբ ջոկատների միավորումով ստեղծվում է գումարտակ, ձեռք են բերվում առաջին երկու տանկերը, Ժիրայրը տեսնելով դրանց հզորությունը, որոշում է դառնալ տանկիստ ու կռիվը շարունակում է գումարտակի ձևավորվող տանկային վաշտում։ Այդ ընթացքում նա մասնակցում է հարազատ գյուղի, այնուհետև շրջանի, Հադրութի պաշտպանական գործողություններին, որից հետո նաև Ֆիզուլիի, Աղդամի (Ակն), Հորադիզի կրակակետերի ոչնչացման ու ազատագրման համար մղված մարտերին։ 1993թ. նրան նշանակում են դասակի հրամանատար և շնորհում լեյտենանտի կոչում։ Հրադադարից հետո, երբ կազմավորվում էր տանկային զորամասը, Ժիրայր Պողոսյանը նշանակվում է վաշտի հրամանատար, իսկ մեկ տարի անց՝ գումարտակի հրամանատար։ Հետագայում սովորում է ՌԴ համազորային ակադեմիայում, որն ավարտում է գերազանցության դիպլոմով։ Վերադառնալով հայրենիք՝ հարազատ զորամասում նշանակվում է շտաբի պետ, իսկ ավելի ուշ՝ հրամանատար։ Ժիրայր Պողոսյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով, «Արիության համար», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալներով և այլ գերատեսչական պարգևներով։ Ամուսնացած է, ունի երեք որդի, ինչպես ինքն է ասում՝ տանկային մեկ անձնակազմ»։