կարևոր
712 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-13 18:22

Բուհերի կառավարման խորհուրդները կունենան 20 անդամ՝ կողմերի հավասար ներկայացվածությամբ

Բուհերի կառավարման խորհուրդները կունենան 20 անդամ՝ կողմերի հավասար ներկայացվածությամբ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է ՀՀ պետական  բուհերի հոգաբարձուների խորհուրդները ձևավորել միասնական մոտեցմամբ: Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, 20 հոգանոց խորհուրդներում հավասարապես ներկայացված կլինեն ուսանողները, դասախոսական կազմը, հիմնադիրը և լիազոր մարմինը: 

Բուհերի կառավարման խորհուրդները ներկայումս ձևավորված են ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի  23-ի 975-Ն որոշմամբ հաստատված կարգով: Ըստ այդմ` 16 պետական բուհում ( որոնցից 12-ն ունեն հիմնադրամների, 4-ը՝ ՊՈԱԿ-ի կազմակերպական-իրավական ձև), գործում են 24-32 հոգանոց խորհրուրդ, որոնցում յուրաքանչյուր կողմին հատկացված է  25 տոկոս ներկայացվածություն:  

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ գործող խորհուրդները  կառավարչական որոշումներ կայացնելիս երբեմն ունենում են օպերատիվության խնդիր, որը որոշ դեպքերում խոչընդոտում  է բուհերի խորհուրդների նախագահների և ռեկտորների ընտրության գործընթացներին: Մասնավորապես, նման իրավիճակ է առաջացել Երևանի պետական համալսարանում:

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով խորհուրդների համար նվազագույն շեմ սահմանվել է 20-ը, ինչն առաջարկվում է ամրագրել բուհերի կանոնադրություններում՝ որպես կարգավորման միասնական տարբերակ:

Նոր նախագծով պետական բոլոր բուհերի կառավարման խորհուրդները կունենան 20 անդամ` պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության, բուհի հիմնադրի և լիազորված մարմնի ներկայացուցիչների 25-ական տոկոս` 5-ական անդամի ներկայացվածություն:

Առաջարկվող նախագծով փաստացի պահպանվում են բուհերի հոգաբարձուների խորհրդի ձևավորման նախկինում գործող համամասնությունը, ըստ որի՝ խորհրդում ներգրավված բոլոր կողմերն ունեն  հավասար ներկայացվածություն: Ակնկալվում է, որ նոր նախագծի ընդունմամբ կբարձրանա բուհերի կառավարման արդյունավետությունը: 

Նախագծի քննարկումը e-draft.am հարթակում կշարունակվի մինչև օգոստոսի 26-ը, որից հետո, հաշվի առնելով ներկայացված դիտողություններն ու առաջարկները՝ այն սահմանված կարգով կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը: