Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է ավելի վաղ Արցախի պաշտպանության բանակի տարածած հաղորդագրությունը Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայկական դիրքերի ուղղությամբ հարվածային անօդաչու թռչող սարքեր կիրառելու վերաբերյալ։ Այս մասին արձանագրվել է ՌԴ Պն խաղաղապահ ուժերի տեղեկատվությամբ:
Հաղորդագրության մեջ նշվում է. «Անցած օրերին արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ 2021 թվականի օգոստոսի 11-ին, ժամը 7։29-ին և 7։58-ին Ադրբեջանի զինված ուժերը հարվածային տեսակի ԱԹՍ-ների կիրառմամբ երկու հարված են հասցրել Արցախի զինված կազմավորումների դիրքերի ուղղությամբ։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկել իրավիճակի հետագա էսկալացիան թույլ չտալու համար: Անցկացվում է հետաքննություն»։