Այսօր՝ օգոստոսի 12-ին՝ Ստեփանակերտում և Ասկերանում տեղի է ունեցել արդեն 10 օր ընթացող ՀՅԴ պատանեկան ճամբարների փակման հանդիսավոր արարողությունը:
ՀՅԴ պատանեկան ճամբարները, որոնցում ընդգրկված են ավելի քան 280 պատանի, Ասկերանում և Ստեփանակերտում մեկնարկել են օգոստոսի 2-ին: Ճամբարներն իրականացվում են ՀՅԴ Արցախի երիտասարդական միության, և ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի համագործակցությամբ՝ ներգրավելով ՀՅԴ երիտմիությունների ներուժը:
Ասկերանում ՀՅԴ պատանեկան ճամբարի փակման արարողությանը ներկա էին ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը, ՀՅԴ Ասկերանի կոմիտեի ներկայացուցիչ Ալյոշա Գաբրիելյանը, Շրջվարչակազմի ղեկավար Արմեն Ղահրամանյանը, ԱԱՄ Ասկերանի տարածքային միավորի նախագահ Աշոտ Աղաջանյանը, շրջվարչակազմի պատասխանատու աշխատողներ, ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամներ, ծնողներ:
Ստեփանակերտի ՀՅԴ պատանեկան ճամբարի փակման արարողությանը ներկա էին ՀՅԴ Արցախի ԿԿ անդամներ Արա Պուլուզյանն ու Ալյոնա Դադամյանը, ԱՀ ԿԳՄՍ նախարարության արտադպրողական ծրագրերի բաժնի պետ Արմեն Պետրոսյանը, ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամներ, ծնողներ:
Փակման արարողության միջոցառումը բացվեց ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամ Տիրուհի Գասպարյանի ելույթով:
Ելույթներից հետո պատանիները հանդիսատեսների համար պատրաստել էին բեմական ներկայացում։
ՀՅԴ Արցախի երիտասարդական միության ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը նշեց, որ ՀՅԴ-ն Արցախում այն եզակի կառույցն է , որն ամեն տարի կազմակերպում է ամենախոշոր պատանեկան ճամբարները:
«ՀՅԴ պատանեկան ճամբարներն Արցախում ամենամյա բնույթ են կրում: Ճիշտ է, նախորդ տարի համաճարակով պայմանավորված հնարավոր չեղավ կազմակերպել ճամբարներ, սակայն այս տարի հատկապես պատերազմից հետո մեզ համար սկզբունքային էր Արցախում կազմակերպել ճամբարները»,-ասաց Վահագն Խաչատրյանը:
Վահագն Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամներին, ովքեր այս օրերին աշխատում էին պատանիների հետ, սփյուռքի երիտմիությունների անդամներին, ովքեր աջակցեցին այս ճամբարների իրագործմանը: