կարևոր
418 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-12 18:16

Եկամտահարկի վերադարձի ծրագիրը Երևանում աստիճանաբար կդադարեցվի

Եկամտահարկի վերադարձի ծրագիրը Երևանում աստիճանաբար կդադարեցվի

Հայաստանում նոր բնակարանների կառուցման ավելի համաչափ տարածքային բաշխվածությունը խրախուսելու և երկրի տարածքային համաչափ զարգացումը խթանելու նպատակով կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել եկամտահարկի վերադարձի ծրագրում՝ նոր բնակարանների կառուցապատումը Երևան քաղաքացից և Երևանի կենտրոնից ուղղորդելով դեպի մարզեր:

ՀՀ կառավարությունը օգոստոսի 12-ի նիստում հավանություն տվեց ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու առաջարկին, որը նպատակ ունի փոխել հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսագումարների չափով եկամտային հարկի վերադարձի արտոնության ուղղվածությունը և դրան հաղորդել տարածքային համաչափ զարգացման նշանակություն, ինչպես նաև կարգավորմանը տալ ավելի ընդգծված սոցիալական նշանակություն:

Օրենքի նախագիծը ներկայացրեց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ընդգծելով, որ Երևանից դուրս բնակարանաշինությունը դեռևս աննշան չափով կրում է այս արտոնության դրական ազդեցությունը: Դրա մասին է վկայում այն, որ այսօր կառուցապատված բնակարաններում եկամտահարկի արտոնության դիմաց շահառուների քանակը ընդամենը 7 տոկոս է: Մնացած 93 տոկոսը գտնվում է Երևանում:

«Առաջարկվում է աստիճանաբար սահմանափակել արտոնության գործողությունը Երևանի կենտրոնում և դրան հարող հատվածներում: Մասնավորապես առաջարկվում է սահմանել, որ 2022 թ.  հուլիսի 1-ից արտոնությունը կդադարի Երևանի 1-ին գոտու նոր շենքերում բնակարանների ձեռքբերման վարկերի տոկոսների նկատմամբ, 2023 թ. հունվարի 1-ից՝ Երևանի 2-րդ գոտում, 2023 թ. հուլիսի 1-ից՝ Երևանի 3-րդ գոտում, իսկ 2025 թ. հունվարի 1-ից՝ Երևանի մնացած գոտիներում բնակարանների գնման վարկերի նկատմամբ», - նշեց նախարարը:

Այդպիսով, ըստ զեկուցողի՝ առաջիկա երեք տարիների ընթացքում նոր կառուցապատումները կուղղորդվեն դեպի 4-րդ և ավելի բարձր գոտիներ և Երևանից դուրս, իսկ 2025 թվականից, առանց ժամկետային սահմանափակումների, դեպի Երևանից դուրս գտնվող բնակավայրեր՝ միաժամանակ հաշվի առնելով ներկայումս կառուցապատման մեջ գտնվող ծրագրերի համար պայմանները չվատթարացնելու կարևորությունը:

Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ եկամտահարկի վերադարձման ծրագրի մասին կարգավորումը սկզբնապես ընդունվել էր ընդգծված տնտեսական ընդգծված տնտեսական նշանակությամբ՝ առանց սահմանափակումների: Այն նախատեսել է վճարված եկամտային հարկը վերադարձնել ֆիզիկական անձանց՝ հիփոթեքային վարկերի դիմաց վճարված տոկոսները փոխհատուցելու նպատակով: 2018 թվականից արտոնության համակարգը փոփոխվել էր՝ դրան տալով որոշակի սոցիալական ուղղվածություն: Սահմանվել էր, որ մեկ մարդը կարող է ծրագրից օգտվել միայն մեկ անգամ, իսկ արտոնությունից օգտվելու նպատակով գնվող բնակարանի արժեքը սահմանափակվել էր 55 մլն դրամով:

Նախարարը տեղեկացրեց, որ ներկայումս ծրագրի շահառուների քանակը գերազանցում է 17 հազարը, իսկ այս տարեվերջին հատկացված գումարը կկազմի մոտ 21 մլրդ դրամ, իսկ շահառուների թիվը՝ 20 հազար:

Այս որոշմամբ, ըստ վարչապետի, կառավարությունը որոշակի կանխատեսելի ժամկետներով սկսում է վերացնել արտոնությունը՝ սկսած Երևանի կենտրոնից, և ուղղորդել դեպի «կառավարության շենքից հնարավորինս հեռու գոտիների վրա», որպեսզի խթանվի շինարարությունը նաև մարզերում: