Ես ինքս ձախակողմյան քաղաքատնտեսական գաղափարների կրող եմ, դրա համար այս հարցը կարևոր է, և ինձ համար սոցիալական քաղաքականությունը զուտ տրանսֆերտները չեն։ Ավելի խորքային պետք է այս հարցերին նայենք։ Ինչպես թույլ չտալ, որ աղքատություն առաջանա, այլ ոչ թե ինչքան փող տանք, օրինակ, որ աղքատը սովամահ չլինի։ Այս մասին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Այն սոցիալ-տնտեսական քաղաքականությունը, որը վարում է կառավարությունը, ես համարում եմ հակասոցիալական: Ոչ թե թոշակ տալու գումարն է փոխվել, այլ քաղաքական տարբեր ուղղություններով, տնտեսական, ֆինանսական ինչ ուղղություններ է որդեգրում։
Ես կողմ չեմ այն քաղաքականությանը, թե ինչքան փող տանք թոշակառուին կամ նպաստառուին, որ սովամահ չլինի, այլ՝ ոնց անենք, որ նպաստ ստանալու կարիք չունենա»,-ասաց նա:
Արթուր Խաչատրյանն անդրադարձավ նաև պարգևավճարների համակարգին՝ ասելով, որ իշխանությունը աղճատում է պարգևավճարների ինստիտուտը:
«Պարգևավճարը մարդուն պարգևի համար են տալիս կամ վաստակի, եթե պարգևը կա, համաձայն եմ, բայց մի կապեք սայլը ձիու առաջ։ Եթե ասեք, որ պատգամավորը կամ որևէ պետական պաշտոնյան հասնում է իր առաջ դրված նպատակին ու տալիս եք պարգևավճար, դրանում տրամաբանություն կա, բայց բոլորին հավասար պարգևավճար տալով բուն պարգևավճարն եք աղճատում․․․»։
Ամբողջական ելույթը՝ տեսանյութում։