կարևոր
1945 դիտում, 2 տարի առաջ - 2021-08-12 13:12

Ամեն կերպ փորձում եք չեզոքացնել Սյունիքի համայնքապետերին, ինչո՞ւ. Աննա Գրիգորյան

«Ես կուզեի, որ Դուք Ձեր եզրափակիչ ելույթում խոսեիք այն հետապնդումների մասին, որոնք տեղի են ունենում Սյունիքի նախկին ու ներկա համայնքապետերի նկատմամբ, լսել Ձեր դիրքորոշումը»,-ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, սյունեցի Աննա Գրիգորյանը՝ դիմելով ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանին։

Աննա Գրիգորյանը նշեց, որ այդ գործերը կարվել են քաղաքական հատուկ պատվերով։

Նա խոսեց նաև Կապանի քաղաքապետի շուրջ տեղի ունեցող  զարգացումների մասին. «Մինչև այսօր մենք գիտիենք, որ կալանքի տակ են ու քաղաքական հետապնդումների են ենթարկվում Գորիսի, Քաջարանի գործող քաղաքապետերը, Մեղրիի ու Սիսիանի նախկին համայնքապետերը, բայց նոր զարգացումներ են տեղի ունենում Կապանի քաղաքապետի շուրջ։

Պատգամավորի ներկայացմամբ, Գևորգ Փարսյանն ընտրվել է 2018-ին, նրա լիազորություններն ավարտվում են  2023-ին, ավագանունը՝ 2022-ին, այսինքն, առնվազն մեկ տարի քաղաքապետը դեռ կարող է պաշտոնավարել։

«Մեկ էլ ընտրություններից հետո պարզվում է, որ ավագանու վեց անդամ միանգամից ասում են, որ էլ ավագանու անդամ չեն ուզում դառնալ։ Այստեղ խնդիր չե՞ք տեսնում։ Եվ ամբողջ գործընթացը գնում է այն ուղղությամբ, որ Կապանում քաղաքապետի նոր ընտրություններ կազմակերպվեն»-ասաց ընդդիմադիր  պատգամավորն ու հարց ուղղեց իշխանությանը․ «Ուզում եմ հասկանալ, ի՞նչ եք ուզում անել, որ ամեն կերպ ուզում եք չեզոքացնել Սյունիքի համայնքապետերին։ Ինչո՞ւ»։

Աննա Գրիգորյանը հիշեցրեց, իշխող քաղաքական ուժի պատճառով իր հայրենի քաղաքը՝ Կապանը, դարձել է ամենավտանգվածն այսօր. Կապան-Ճակատեն, Կապան-Ագարակ ճանապարհները գտնվում են ադրբեջանցիների վերահսկողության ներքո, օդանավակայանի կողքին կանգնած են ադրբեջանցիները, Մ2 միջպետական ճանապարհն էլ ադրբեջանցիների ուղիղ նշանառության ներքո է։

«Նման մթնոլորտում փոխարեն մտածեք, թե ինչպե՞ս անվտանգությունն ապահովեք, մտածում եք, ինչպե՞ս ու ումո՞վ փոխարինեք քաղաքապետին։ Լավ, սա ինչի՞ մասին է խոսում»,-ասաց նա՝ ավելացնելով, որ Փարսյանը ջանք ու եռանդ չի խնայել, որ ավելի բարեկարգ դարձնի համայնքը։

Նա նաև հիշեցրեց, որ Կապանում Փարսյանը հաղթել էր ՔՊ-ականին, կարծիք հայտնեց, որ մինչ օրս ՔՊ-ն այդ պարտության հետ չի հաշտվել։

Ամբողջական ելույթը՝ տեսանյութում։