կարևոր
454 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-12 12:11

Ավերված երկրի նոր շինարարները դուք պետք է լինեք, սիրելի՛ երիտասարդներ. Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը

Ավերված երկրի նոր շինարարները դուք պետք է լինեք, սիրելի՛ երիտասարդներ. Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը

ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանն ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա առթիվ․

«Սիրելի՛ երիտասարդներ,

Շնորհավորում եմ ձեզ այս լուսավոր տոնի՝ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ։ Յուրաքանչյուր երկրի ապագան, հույսն ու ապավենը հավասարակշիռ և պատասխանատու երիտասարդությունն է, որի ներուժն ու անսպառ հնարավորությունները անգնահատելի են հայրենիքի շինարարության առաքելական գործում։ Հայրենիքի հոգևոր ընկալումը միշտ էլ բարձր է հայ երիտասարդության մոտ և պատահական չէ, որ նրանցից շատերը 44 օրյա պատերազմի դժնդակ օրերին մահվան աչքերին ուղիղ նայելով ստորադասեցին այն արժանապատվությանը։ Այսօր մեր հայրենիքի համար ստեղծված ծանրագույն ժամանակներում, երբ գրեթե ամեն օր անցնում ենք դժոխքի միջով, հայրենիքն առավել քան երբևէ զգում է երիտասարդության ուժի, կամքի ու ոգեշնչման կարիքը։ Ավերված երկրի նոր շինարարները դուք պետք է լինեք, սիրելի՛ երիտասարդներ, ձեր ավյունով ու անսպառ եռանդով, ստեղծարար մտքերով ու գաղափարներով պետք է ոտքի կանգնեցնեք մեր ծնկած հայրենիքը։ Դուք պայքարի մեջ եք ժամանակի հետ և շարունակում եք գրել ձեր ու հայրենիքի պատմությունը։

Ուս ուսի տված միասին պետք է հաղթահարենք մեր առջև ծառացած մարտահրավերները, հուսաբեկ չլինենք, չլքենք մեր սուրբ հայրենիքը, այս բախտորոշ ժամանակներում, այլ գտնենք աշխարհն Արցախ բերելու, ազատ ու անկաշկանդ ապրելու մեր կորցրած ուղին։ Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարության դռները միշտ բաց են լսելու ձեր ողջախոհ ու գաղափարական առաջարկները և կյանքի կոչելու ազգամետ ու հայրենանվեր բոլոր մեծ ու փոքր ծրագրերը։ Պատրաստ ենք լինել ձեր վստահելի աջակիցն ու հենարանը՝ երկրի առանցքային խնդիրների լուծման գործում։

Մենք հզոր ենք միասին, սիրելի՛ երիտասարդներ։ Անսասան է իմ հավատը ձեր ոգեղենության, մշտանորոգ մտքի ու պայքարի ոգու նկատմամբ։

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ՝ մաղթելով կամք ու կորով, արժանապատիվ ընթացք ու ապագա»։