կարևոր
346 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-11 20:53

Վիճաբանություն և քաշքշուկ խորհրդարանում․ ԱԺ նախագահը չարաշահել է իր լիազորությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օգոստոսի 11-ին խորհրդարանի նիստերի դահլիճում կրքեր էին բորբոքվել: Հերթական նիստում իրավիճակն ակնհայտ լարվել էր: Ալեն Սիմոնյանի կանչով մեծ թվով անվտանգության աշխատակիցներ էին մուտք գործել նիստերի դահլիճ: Իսկ ինչն էր այս ամենի պատճառը: Թե իշխանական մեծամասնության, նաեւ հենց Սիմոնյանի, եւ թե ընդդիմադիր խմբակցությունների մեկնաբանություններն իրարամերժ են:

Խորհրդարանի աշխատանքների մեկնարկից 1 շաբաթ անց արդեն ընդդիմադիր ու իշխանական պատգամավորների միջեւ առաջին լուրջ բախումը գրանցվեց: Խորհրդարանն արտաքին հարաբերություների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում իշխանական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի թեկնածությունն էր քննարկվում, երբ նախ ամբիոնին մոտեցավ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

Պատգամավորի ձայնազրկվելուց եւ դահլիճից հեռացվելուց հետո ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը:

Ընդդիմության համար Ալեն Սիմոնյանի գործողություններն անընդունելի են՝ ԱԺ նախագահը, պնդում է Իշխան Սաղաթելանը, չի կարող չարաշահել իր լիազորություններն ու ուզած պահին ձայնից զրկել կամ դահլիճից հեռացնել պատգամավորներին:

Հետո կրքերն այնքան բորբոքվեցին, որ խորհրդարանում բախումն անխուսափելի դարձավ:

Երբ անվտանգության աշխատակիցները մտան դահլիճ, լրագրողական օթյակում գտնվող լրագրողներին ու օպերատորներին արգելվեց տեսանկարահանել:

Եթե նիստի օրակարգին վերադառնանք, ապա ընդդիմադիրների մոտ հարցեր էին առաջանում ՝ ինչպես պետք է վարչապետի աշխատակազմի ղեկավար աշխատած ու դիվանագիտական փորձառություն չունեցող պատգամավորը ղեկավարի արտաքին քաղաքականության ոլորտը համակարգող ու խորհրդարանական դիվանագիտության առանցքային աշխատանքներ իրականացնող ոլորտային հանձնաժողովը:

Ազգային ժողովն այսօր ևս մեկ նիստ գումարեց, այն մեկնարկեց 18,30-ին։

Նիստը քվեարկելու հարցը դրվեց քվեարկության կողմ 75, դեմ 0 ձեռնպահ 1 ձայներով։

Խորհրդարանը հարցի քննարկումը կշարունակի օգոստոսի 12-ին՝ ժամը 10:00-ին: