Տավուշում ռուսական կողմը երկրորդ սահմանապահ ուղեկալն է տեղադրում` Ազատամուտ գյուղում, մարզի սահմանային մյուս գյուղերում ևս՝ Այգեպար, Պառավաքար, Այգեհովիտ, Բերքաբեր, Կոթի, Դովեղ, ռուս սահմանապահները ուղեկալներ կտեղադրեն։
«Մի քանի օր առաջ Ազատամուտ ռուս երկու սահմանապահ եկան, տարածքներ նայեցին, որ իրենց ուղեկալը տեղակայեն։ Դեռ որոշված չէ, թե ուղեկալը որտեղ է տեղակայվելու։ Հիմա Ազատամուտում ժամանակավոր մնում է ռուս երկու սահմանապահ եւ նրանց հետ ժամանած ազգությամբ հայ 10 տեխնիկական աշխատող։ Երբ ուղեկալի տեղակայման աշխատանքները սկսվեն, նրանց կմիանան մոտ 50 հոգանոց անձնակազմը»,– News.am-ի հետ զրույցում ասել է Ազատամուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Բեգինյանը։
Նշենք, որ օրեր առաջ՝ օգոստոսի 3-ին, համացանցում տարածվել էր տեղեկություն, ըստ որի՝ ռուս զինվորականները տեղակայվել են Տավուշի մարզի Ոսկեպար բնակավայրում։
Ավելի ուշ ՊՆ-ն հաստատեց այս լուրը: «Տավուշի մարզում, մասնավորապես՝ Ոսկեպար համայնքում ռուս զինծառայողների գտնվելու մասին լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկության վերաբերյալ հայտնում ենք, որ նշված տարածքում տեղակայվել են ռուս սահմանապահներ, իսկ շինաշխատանքներն իրականացվում են սահմանապահների թիկունքային ապահովման շինությունների կառուցման նպատակով։ Տվյալ գործընթացն իրականացվում է հայ-ռուսական համագործակցության շրջանակում»,-նշված էր ՊՆ հաղորդագրության մեջ:
Հավելենք նաև, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության նախնական տարբերակում եղել է հիշատակում Տավուշի մասին՝ երկրորդ կետում․
«Աղդամի շրջանը և տարածքները, որոնք հսկվում են հայկական կողմից Ղազախի շրջանում, վերադարձվում են Ադրբեջանին մինչև նոյեմբերի 20-ը»:
Հիշեցնենք նաև՝ կիրակի «Հայաստան» խմբակցության պատգամավորները ՀՅԴ Տավուշի մարզային կոմիտեի անդամների ուղեկցությամբ, այցելել են Տավուշի մարզի գյուղեր։ Այցը պայմանավորված էր հիմնականում մարզի մի շարք համայնքների հետ կապված մտահոգիչ տեղեկություններով։ Մասնավորապես, ակտիվորեն շրջանառվում է թեզը, այդ թվում՝ իշխանության ներկայացուցիչների կողմից, որ մարզի որոշ համայնքներ ՀՀ իշխանությունը պատրաստվում է հանձնել Ադրբեջանին, և դա ներկայացնում են որպես Հայաստանում գտնվող ադրբեջանական տարածքների վերադարձ։ Տավուշցիները «Հայաստան» դաշինքի պատգամավորներին հիմնականում բարձրաձայնել են այդ մտահոգությունները, խոսել սցենարի անթույլատրելիության մասին, քանի որ այդ դեպքում, այլ խնդիրներից զատ, թշնամու վերահսկողության տակ է անցնում նաև M4 միջպետական նշանակության հայ-վրացական ճանապարհը։