կարևոր
1582 դիտում, 2 տարի առաջ - 2021-08-11 17:08

Պետք է պարզենք՝ արդյոք ռեգիոնալ ապաշրջափակման հարցով արտաքին ուժերի հետ դեռևս կա՞ն չհրապարակված պարտավորություններ կամ խոստումներ․ Արմեն Գևորգյան

Պետք է պարզենք՝ արդյոք ռեգիոնալ ապաշրջափակման հարցով արտաքին ուժերի հետ դեռևս կա՞ն չհրապարակված պարտավորություններ կամ խոստումներ․ Արմեն Գևորգյան

44-օրյա պատերազմը փոխել է Հարավային Կովկասի անվտանգային դիմագիծը և աշխահաքաղաքականությունը, պատերազմի հետևանքները փոխել են Արցախի և Հայաստանի տեղն ու դերը այս ճարտարապետության մեջ: Այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արմեն Գևորգյանը.

«Զգալիորեն թուլացած ու անվտանգային լրջագույն խնդիրների շեմին գտնվելով՝ հայ ժողովրդին պատմականորեն վիճարկված է ապրել այս տարածաշրջանում, հարևաններին ընտրելու հնարավորություն տրված չէ, մենք այստեղ ապրում ենք դարերով և պետք է շարունակենք ապրել դրա համար անհրաժեշտ է արժանապատիվ խաղաղություն և գրագետ տարածաշրջանային համագործակցություն»,-ասաց Գևորգյանը և ընդգծեց, որ մեր տարածաշրջանում խաղաղությունը պետք է լինի երկարատև և արժանապատիվ, տարածաշրջանում զարգացման հանարավորությունները բոլոր երկրների համար պետք է լինեն շահավետ, իսկ տարածաշրջանի բոլոր դերակատարների շահերը պետք է լինեն համարժեք և հիմավորված.

«Այսօր Հայաստանը գտնվում է ուժեղ ճնշման ներքո՝ տարծաշրջանային հաղորդակցության ուղիները բացելու համար, եթե ներկայում առկա միտումները շարունակվեն, ապա Հայաստանի տարածքում բախվելու են բազմաթիվ արտաքին խաղացողների շահեր: Սա է իրականությունը, որը մեզ համար ձևավորում է նոր, ռեգիոնալ ռիկսեր: Այս իրավիճակն էլ ավելի չբարդացնելու համար մենք պետք է գործենք բաց և թափանիկ, պետք է պարզենք՝ արդյոք ռեգիոնալ ապաշրջափակման հարցով արտաքին ուժերի հետ դեռևս կա՞ն չհրապարակված պարտավորություններ կամ խոստումներ»,-ասաց Գևորգյանը:

Նրա համոզմամբ՝ անգամ ճանապարհների ապաշրջափակման դեպքում կարելի է ձևավորել Արցախի և Հայաստանի շահերի համար նպաստավոր օրակարգ՝ օրինակ Հայաստանը դարձնել տարանցիկ երկիր. «Եթե վերոնշալի շուրջ գործող իշխանություններն արդեն իսկ ունեն պարտավորություններ և գնալու են այդ ճանապարհով, ապա խորհրդարանի խնդիրն է օգտագործել ողջ գործիքակազմը՝ այդ գործընթացի հետևանքները մեղմելու և հայ ժողովրդի համար բարենպաստ դարձնելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում վտանգավոր միտումները կանխելու համար»,-ասաց Արմեն Գևորգյանը:

Պատգամավորը նշեց, որ Հայաստանը պատմական հնարավորություն ունի հյուսիս-հարավ հաղորդակցման միջանցքին մաս դառնալու, նա նաև ընդգծեց, որ պետք է գործնական քայլեր ձեռնարկել՝ Իրանի հետ ազատ առևտրի ռեժիմն ակտիվացնելու ուղղությամբ. «Հայաստանը պետք է աջակցի հաղորդակցության զարգացման բոլոր նախագծերին, որոնք կարող են նպաստել տարածաշրջանում տնտեսական կապերի զարգացմանը»,-ասաց Արմեն Գևորգյանը: