կարևոր
97 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-11 14:15

Նորակոչիկների երդման հանդիսավոր արարողություն ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում

ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի N զորամասում տեղի ունեցավ նորակոչիկների երդման հանդիսավոր արարողություն: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Արամ Հակոբյանը, Սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Արման Մարալչյանը, Սահմանապահ զորքերի հրամանատարի 1-ին տեղեկալ-շտաբի պետ, գնդապետ  Արման Գասպարյանը, ՍԶ վետերանների միավորման նախագահ Հովսեփ Կարապետյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության մարզային ստորաբաժանումների ներկայացուցիչներ, և այլք:

Հանդիսավոր արարողությունը մեկնարկեց ՀՀ օրհներգի հնչյուններով և ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Արման Մարալչյանի կողմից  հայտարարված լռության րոպեով՝ ի հիշատակ հանուն հայրենիքի հավերժ հերոսացած սահմանապահների և մյուս հայորդիների:

Արարողության ընթացքում անցկացվեց հանդիսավոր շքերթ, և նորակոչիկները կատարեցին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի օրհներգը:

Զորամասի շարահրապարակում՝ մարտական դրոշի ներքո, տեղի ունեցավ խորհրդանշական միջոցառման հիմնական արարողակարգային հատվածը՝ երդման հանդիսավոր արարողությունը: Նորակոչիկներն ընթերցեցին զինվորական երդման տեքստն ու  սահմանված կարգով ստորագրեցին այն: Բարձր գնահատելով հայրենիքի պաշտպանության գործում զինված ուժերի հայրենանվեր առաքելությունը` նորակոչիկ զինծառայողները վստահեցրին, որ եկել են շարունակելու ավագ սերնդի սրբազան գործը և պատրաստ են ամեն գնով պաշտպանել հայրենիքը: Նրանք իրենց հրամանատարների և ծնողների առաջ երդվեցին անմնացորդ նվիրումով, հպարտությամբ և անձնվիրաբար ծառայել հայրենիքին, պատվով պաշտպանել երկրի սահմանները, անվերապահորեն կատարել վերադասի հրամանները` հավաստիացնելով, որ ամեն ինչ անելու են պետական սահմանի անվտանգությունն ապահովելու համար:

Հանդիսավոր արարողության ընթացքում ելույթներ ունեցան բարձրաստիճան զինվորականներ և նորակոչիկների հարազատները: