«Ինձ համար հասկանալի չէ, թե իշխանությունն Արցախի խնդրի կարգավորման հարցում ինչ ուղղությամբ է շարժվում, ո՞րն է խնդրի կարգավորման տարբերակը, ձևաչափն իրենից ի՞նչ է ներկայացնում, այն եռակողմ ֆորմատ է՞ ՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան, թե՞ եռանախագահության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի վերադարձն է»,- Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Էդուարդ Աղաջանյանին հարցրեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ փաստելով, որ թեկնածուի ելույթում այդ հարցի պատասխանը չի լսել:
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը նկատեց, որ ՔՊ-ն իր նախընտրական ծրագրում առաջարկում էր Արցախի հետ աշխատանքի նոր ֆորմատ, բայց չհամաձայնեց ընդդիմադիր խմբակցությունների՝ Արցախի հարցով ԱԺ մշտական հանձնաժողով ստեղծելու նոր ֆորմատի գաղափարին, և փոխարենը իրենց ֆորմատն անհայտ է մնում:
Անդրադառնալով Արցախի խնդրի բանակցային գործընթացին՝ Տիգրան Աբրահամյանը հայտնեց, որ երբ 2018 թվականին Դուշանբեում եղան հայտնի հանդիպումները և պայմանավորվածությունները, որը ստացավ «Վերելակային դիվանագիտություն» ձևակերպումը, շփման գծում լրիվ այլ գործընթացներ էին ընթանում: Հայաստանին, Արցախին և Ադրբեջանին իջեցված էր հրահանգ, որ առաջնագծում հնարավորինս նվազեցնեն փոխհրաձգությունը:
«Այդ ժամանակ մենք ունեցանք առաջնագծի հրադադարի ռեժիմի խախտումների էական նվազում, ունեցանք մարդկային կորուստների և վիրավորների էական նվազում, ինչը առիթ տվեց ձեր ղեկավարությանը ասել, որ գնում են կառուցողական գործընթացներ, նաև ձեր ղեկավարին թույլ տվեց ասել, որ Ալիևը հանդիպումներում կիրթ և կառուցողական տպավորություն էր թողնում, բայց իրականում լրիվ այլ բան էր տեղի ունենում առաջնագծում»,- հայտարարեց Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ այդ ընթացքում առաջնագծի այն հատվածներում, որտեղ մինչև այդ Ադրբեջանը հնարավորություն չուներ անհրաժեշտ ենթակառուցվածքներ հարձակման, հակահարձակման և պաշտպանության համակարգեր ստեղծելու համար, օգտվեց դիվանագիտական այդ փուլի փուչիկից և ստեղծեց իր համար անհրաժեշտ հնարավորություններ, ինչը նաև հետագայում 2020 թվականի ռազմական գործողությունների ժամանակ կարևոր մեկնարկային հնարավորությություն ապահովեց իրեն:
Նա նաւ նշեց, որ քննարկումները լրիվ այլ ուղղությամբ են ընթանում նաև խաղաղության հնարավոր պայմանագրի ստորագրման համատեքստում, և դիմելով իշխանություններն՝ պնդեց, որ եթե նրանք ասում են, թե խաղաղություն են ցանկանում, ապա առարկայական ձևով պետք է ասեն, թե ի՞նչ առաջարկներ կան սեղանին դրված, ո՞րն է այդ փաթեթի բովանդակությունը, որովհետև նրա յուրաքանչյուր ստորակետ և վերջակետ նշանակություն ունի:
Ըստ Տիգրան Աբրահամյանի, նաև ռեգիոնալ համագործակցության հարցում իշխանությունները չեն ներկայացնում այն փաթեթը, թե ի՞նչ նկատի ունեն դրա տակ, իսկ ընդդիմությունը հարցնում է, թե երկիրն ունի՞ արդյոք այն կարողությունները, որոնք կապահովեն դրա բնականոն գործունեությունը:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե հնարավոր է քննարկել ՀՀ ողջ սահմանը ՌԴ սահմանապահ զորքերի պահպանության տակ պահելու հարցը՝ Աբրահամյանը հարցրեց, թե ո՞րն է լինելու դրա գինը, արդյո՞ք այն ենթադրում է ՌԴ-ի հետ նոր ինտեգրացիոն գործընթաց, նոր իրավապայմանագրային դաշտի ստեղծում, նույնը նաև ՀԱՊԿ-ի դեպքում:
Ամբողջական ելույթը՝ տեսանյութում։