կարևոր
1516 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-10 21:05

Անդրանիկ Քոչարյանը չէր կարող անձամբ որոշել և հրավիրել Խորհրդային Միությունում լուրջ կենսագրություն ունեցող զինվորականներին. 168.am

Անդրանիկ Քոչարյանը չէր կարող անձամբ որոշել և հրավիրել Խորհրդային Միությունում լուրջ կենսագրություն ունեցող զինվորականներին. 168.am

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը երեկ ԱԺ-ում հայտարարել է, որ գեներալ-գնդապետ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին ինքն է ժամանակին հրավիրել Հայաստան, և 1992թ. Հարությունյանը նշանակվել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ-օպերատիվ վարչության պետ։ «Ես եմ իրեն հրավիրել, որովհետև բանակի կադրային քաղաքականությամբ ես եմ զբաղվել: Ավելին, Միքայել Հարությունյանից բացի, եկել են գեներալ Անդրեասյանը, Նորատ Տեր-Գրիգորյանցը և այդպես շատ-շատերը»,- նշել է Քոչարյանը:

168.am գրում է, որ իրականում և՛ Միքայել Հարությունյանը, և՛ Նորատ Տեր-Գրիգորյանցը, և՛ մյուս զինվորականները Արցախյան առաջին պատերազմի օրերին, երբ հայկական բանակ ստեղծելու հրամայական կար, Ռուսաստանից եկել են Հայաստան Լևոն Տեր-Պետրոսյանի և Վազգեն Սարգսյանի հրավերով: Այս մասին, մասնավորապես, մեկ անգամ չէ, որ իր հարցազրույցներում նշել է գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցը:

Իսկ գեներալ Միքայել Հարությունյանի՝ Հայաստան գործուղումը եղել է ԽՍՀՄ պաշտպանության նախարար Եվգենի Շապոշնիկովի հրամանագրի հիման վրա (Շապոշնիկովը ԽՍՀՄ պաշտպանության նախարար է եղել 1991-ի օգոստոսից մինչ դրա փլուզման պահը, իսկ 1992-ի փետրվարին պաշտոնապես ստանձնել է ԱՊՀ երկրների Միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատարի լիազորությունները):

Այսինքն, Անդրանիկ Քոչարյանը չէր կարող անձամբ որոշել և հրավիրել, Խորհրդային Միությունում, Ռուսաստանում լուրջ կենսագրություն ունեցող զինվորականներին, նա ընդամենը կարող էր Վազգեն Սարգսյանի ստորագրմանը թղթեր տանել:

Անդրանիկ Քոչարյանը երեկ ԱԺ-ում խոսել է նաև Միքայել Հարությունյանի՝ ՌԴ քաղաքացիություն ունենալու մասին՝ նշելով, որ Միքայելյանը 2002 թվականից ունենալով ՌԴ անձնագիր, նշանակվել է Պաշտպանության նախարար:

«Պաշտպանության նախարարը չի կարող օժտված լինել այլ երկրի քաղաքացիությամբ, հիմա դա բացթողո՞ւմ էր, թե՞ պայմանավորվածություն էր, ես չեմ կարող ասել»,- նշել է իշխանական պատգամավորը:

Եթե համարենք, որ տեղի է ունեցել խախտում, քանի որ Հայաստանի Հանրապետությունում երկքաղաքացիության ինստիտուտը ներդրվել է 2008 թվականի ապրիլին՝ Սահմանադրական փոփոխություններից հետո, երբ փոփոխություններ ընդունվեցին նաև «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում, և եթե համարենք, որ Անդրանիկ Քոչարյանն է կանչել Միքայել Հարությունյանին և «նշանակել» բարձր պաշտոնի, ապա առաջին խախտումն այս առումով հենց ինքն է կատարել:

Անդրանիկ Քոչարյանը, ի դեպ, այս համատեքստում հայտարարել է, որ Մարտի 1-ի գործի շրջանակում ջանքեր է գործադրել, որ գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը գա Հայաստան և ներկայանա նախաքննական մարմին, ապարդյուն են անցել:

«Ես նաև իր տղայի հետ եմ հանդիպել, ասել եմ, որ փախուստի մեջ գտնվող Պաշտպանության նախարար ՀՀ-ն չպետք է ունենա: ՀՀ-ի բոլոր նման կարգի պաշտոնյաները պետք է գտնվեն ՀՀ տարածքում, որովհետև այստեղ է, որ իրենք ամենաշատը պաշտպանված են»,- խորհրդարանում երեկ իր ելույթում նշել է Անդրանիկ Քոչարյանը:

168.am-ի տեղեկություններով, իրականում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին առաջարկվել է ցուցմունք տալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ՝ խոստանալով այդ դեպքում տալ համապատասխան երաշխիքներ: Միքայել Հարությունյանը, սակայն, հրաժարվել է Ռոբերտ Քոչարյանի դեմ կեղծ ցուցմունք տալ:

Իսկ եթե Անդրանիկ Քոչարյանը, իշխանությունները ցանկանում էին Միքայել Հարությունյանին ՀՀ-ում տեսնել, ապա ինչո՞ւ են պատերազմի օրերին մերժել նրա համապատասխան առաջարկը:

Վերջին պատերազմի օրերին 168.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանն ասել է, որ դիմել է Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը, որպեսզի իրեն հնարավորություն տան գալ Հայաստան և մեկնել Արցախ, սակայն պատասխան չի ստացել:

Արդեն պատերազմից հետո գեներալը 168.am-ին նաև հայտնել էր, որ հոկտեմբեր ամսվա սկզբին անձամբ զրուցել է նաև այդ ժամանակ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ, պատրաստակամություն է հայտնել գալ Հայաստան, Արցախ և նրա կողքին լինել՝ իր մասնագիտական փորձով, Տոնոյանը, սակայն, ասել է՝ հաղթելու ենք, դրա կարիքը չկա:

Ավելին, իմանալով, որ Արցախում ռուսական արտադրության տեխնիկա կա, որը մասնագետների բացակայության պատճառով չեն կարողանում օգտագործել, Միքայել Հարությունյանն առաջարկել է համապատասխան մասնագետներ ուղարկել, սակայն այս առաջարկը ևս մերժվել է:

«Ռուսական տեխնիկա կար, որը չէին կարողանում օգտագործել, քանի որ մասնագետ չկար: Այդ համապատասխան մասնագետները մենք ունեինք, և ես ասացի՝ գիտեմ, որ այսպիսի խնդիրներ կան, ես պատրաստ եմ օգնել մասնագետներով, որ գան և՛ սովորեցնեն, և՛ այլ հարցերում օգտակար լինեն: Տոնոյանն ասաց՝ պետք չի, մենք ունենք ամեն ինչ, ամեն ինչի մասնագետներն էլ ունենք: Եվ այսպես խոսակցությունն ավարտվեց: Բայց գիտեմ, որ այդ տեխնիկան չի օգտագործվել՝ մասնագետներ չլինելու պատճառով»,- մեզ հետ զրույցում մանրամասնել էր ՀՀ պաշտպանության նախկին նախարարը: