կարևոր
334 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-10 21:03

Ավարտվեց ԱԺ նիստը. մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների հարցի քննարկումը կշարունակվի վաղը

Ավարտվեց ԱԺ նիստը. մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների հարցի քննարկումը կշարունակվի վաղը

Ազգային ժողովն այսօր շարունակեց քննարկել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածություների հարցը: 

Ըստ Դոնթի բանաձեւի՝ ԱԺ 9 հանձնաժողովի նախագահներին առաջադրելու է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, 3-ին՝ «Հայաստան» խմբակցությունը:

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ներկայացրեց հանձնաժողովների նախագահների՝ խմբակցության առաջադրած թեկնածությունները:

Հիշեցնենք, որ  Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվեց Արմեն Գեւորգյանի թեկնածությունը: Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար առաջադրվեց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանի թեկնածությունը:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանն է:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ներկայացրեց հանձնաժողովների նախագահների իրենց խմբակցության առաջադրած թեկնածությունները:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվեց Էդուարդ Աղաջանյանի թեկնածությունը:

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվեց Գեւորգ Պապոյանի,

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վահե Ղալումյանի,

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Սիսակ Գաբրիելյանի,

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Արման Եղոյանի,

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հերիքնազ Տիգրանյանի եւ

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Նարեկ Զեյնալյանի թեկնածությունները:

Ելույթ ունեցան թեկնածու պատգամավորները, քվեարկությունը տեղի կունենա մյուս բոլոր հանձնաժողովների նախագահների թեկնածուների ամփոփիչ ելույթներից հետո:

ԱԺ նիստը կշարունակվի վաղը։