կարևոր
1456 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-10 17:43

Արմեն Գևորգյանը, լինելով ԱԺ պատգամավոր, օժտված լինելով անձեռնմխելիությամբ, չի կարող բերման ենթարկվել. փաստաբան

Արմեն Գևորգյանը, լինելով ԱԺ պատգամավոր, օժտված լինելով անձեռնմխելիությամբ, չի կարող բերման ենթարկվել. փաստաբան

Անձին բերման ենթարկելը՝ որպես հարկադրանքի միջոց թե՛ օրենսդրությամբ, թե՛ նախադեպային իրավունքի ուժով նույնացվում է ձերբակալման հարկադրանքի միջոցի հետ, որովհետև դրա շրջանակներում անձը զրկվում է իր ազատությունից։ Արմեն Գևորգյանը, լինելով ԱԺ պատգամավոր, օժտված լինելով անձեռնմխելիությամբ, չի կարող բերման ենթարկվել և չի կարող այլ կերպ ազատությունից զրկվել, եթե դրա վերաբերյալ չկա ԱԺ համաձայնությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։ 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօրվա դատական նիստին Աննա Դանիբեկյանը բավարարեց դատախազի միջնորդությունը և որոշեց բերման ենթարկել պատգամավոր Արմեն Գևորգյանին՝ հաջորդ դատական նիստին նրա մասնակցությունն ապահովելու համար։

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ընդգծեց, որ դատարանի որոշումն ապօրինի է, չի բխում օրենքից, և այս ամենի մեջ տեսնում է մի ուղղվածություն, որ ուղղակի պետք էր նման որոշում կայացնել՝ հանրությանը ցույց տալու համար, որ կարող է լինել իրավիճակ, որ կարող են գնալ ԱԺ և Արմեն Գևորգյանին ներկայացնեն դատական նիստին։

«Վստահեցնում եմ՝ նման իրավիճակ չի լինի»,- նշեց նա՝ հավելելով, որ ի կատար պետք է ածվի դատարանի ապօրինի որոշումը, բայց թույլ չեն տա, որ Արմեն Գևորգյանին հարկադրաբար որևէ մարմնի ներկայացուցիչ փորձի ներկայացնել նիստին։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանն էլ, ԱԺ ճեպազրույցում արձագանքելով Աննա Դանիբեկյանի որոշմանը, ասաց.

Գևորգյանը նշեց, որ դատարանը պատշաճ տեղեկացված է եղել ԱԺ նիստերին իր մասնակցության մասին և նախորդ շաբաթ իր բացակայությունը հարգելի է ճանաչել։ Արդեն այսօր, չնայած այն հանգամանքին, որ իր բացակայության պատճառը չի փոխվել, իսկ փաստաբանն էլ «Հայաստան» խմբակցությունից հատուկ գրություն է տարել դատարան՝ փաստող, որ ինքը մասնակցում է 8-րդ գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանին, դատավորը կտրուկ փոխել է դիրքորոշումը՝ բացակայությունը համարելով անհարգելի։

«Եթե դատարանը ցանկություն ունի, այնուամենայնիվ, որ ես հաջորդ շաբաթ նիստին ներկա լինեմ, կգնամ, ներկա կգտնվեմ՝ անկախ բոլոր հանգամանքներից։ ․․․Ինձ պարտադիր չէր «բերման ենթարկել»։ Ընդամենը դատարանը կարող էր, եթե իմ ներկայությունն ապահովելու այդպիսի անհրաժեշտություն կար, ընդմիջում հայտարարել, կապվել ինձ հետ, ասել, որ դատարանն անհարգելի է գտնում իմ բացակայությունը, խնդրել  ներկայանալ։ Այդ պարագայում, կարծում եմ, որ հարգելով դատարանին, երևի այդ հնարավորություը կունենայի գնալու», - ասաց Գևորգյանը։