կարևոր
385 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-10 17:03

Այս մի քանի ժամվա ընթացքում դուք Վահե Հակոբյանի հետ կապված լսեցիք ամեն ինչ, բացի տնտեսական հարցերից․ Գեղամ Մանուկյան

Այս մի քանի ժամվա ընթացքում դուք լսեցիք ամեն ինչ Վահե Հակոբյանի հետ կապված, բացի տնտեսական հարցերից, այնինչ քննարկվում էր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահի հարցը, որի թեկնածուն Վահեն Հակոբյանն է։ Այս մասին այսօր ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Որպեսզի պարզ դառնա ինչ հանձնաժողովի մասին է խոսքը, Մանուկյանն ընթերցեց. «Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝ հարկեր, տուրքեր, վճարներ, արդյունաբերություն, քաղաքաշինություն, էներգետիկա, բնական պաշարներ, տրանսպորտ, կապ, հեռահաղորդակցություն, համացանք, արտադրական ենթակառուցվածքի այլ ճուղեր, զբոսաշրջություն, առևտուր և ․․․»:

Այս հարցերով պետք է զբաղվի առաջիկայում տնտեսական հարցերով հանձնաժողովը, որպեսզի բազմաթիվ հարցերի անդրադառնա, հատկապես մի երկրում, որտեղ Հայաստանի Էկոնոմիկայի նախարարը տնտեսական աճ ապահովում է ֆեյսբուքյան գրառումներով, և չկա օր, որ համացանցը կատակներով չլցվի Էկոնոմիկայի նախարարների գրառումներով,- նշեց Գեղամ Մանուկյանը:

«Մի երկրում, որտեղ 3 տարի միայն տեսահոլովակներով, միայն քարոզչական նյութերով արտադրական ձեռնարկություններ են բացվում, ներդրումներ արվում, վերջում ինչ-որ ավտոտնակում պանիր արտադրող մի լավ աշխատասեր ընտանիքի հերոսական պատմությունը ներկայացնում և դրանով միֆ ստեղծում, թե Հայաստանում տնտեսական կյանք ու զարգացում կա։

Այո, բազմաթիվ հարցեր այս հանձնաժողովը պետք է քննարկի. սկսած տաքսի ծառայությունների ոլորտում խայտառակ թանկացումներից, վառելիքի շուկայում խայտառակ թանկացումներից, անհասկանալի փոփոխություններից, վերուվարումներից։ Պետք է այս հանձնաժողովը նաև խոսի, որ հետո Կառավարությունը, Էկոնոմիկայի նախարարը չհպարտանան, որ մսի գինն է էժանանալու՝ չանդրադառնալով, որ համատարած մորթ է Հայաստանում, որովհետև անասնակերն է թանկ, իհարկե հաջորդ  տարի էլ մսի գինը, որ թանկացավ, դրա մասին չեն խոսի։ Նրանց ուղղակի պետք է քարոզչություն, պետք է ամեն րոպե ցույց տան ասեն՝ «տեսեք՝ ինչ լավն ենք»։ Բայց բուն գործնական տնտեսական կյանքում մնում է նույն ամլացած վիճակը․․․ Բայց այս ամենը չհնչեց այստեղ։ Չհնչեց, որովհետև, ինչպես Արծվիկ Մինասյանը, Իշխան Սաղաթելյանը ճիշտ բնութագրեցին՝ «տեղերը փոխվել են», ընդդիմությանը համարում են որպես իշխանություն՝ իրենք մնալով 2018 թվականի ընդդիմության մթնոլորտում։ 

Բայց վստահեցնում եմ, այս մի քանի օրը անցնելու է, հետո գալու է Ազգային ժողովի ընթացիկ աշխատանքը, և այդ բոլոր հարցերը, վսհտահեցնում եմ, ինչպես «Հայաստան» դաշինքի ծրագրում է, հատիկ-հատիկ դրվելու են այս ամբիոնին, դրվելու են կառավարության առաջ»,- տնտեսական հանձնաժողովի թեկնածուի հետ կապված հարցերն ու ելույթներն այսքանով ամփոփեց իր խոսքը Գեղամ Մանուկյանը։ 

Այնուհետև Մանուկյանն անդրադարձավ քպական պատգամավորների մի քանի հայտարարությունների.

«Մի քանի օր առաջ ասացի, որ համակարգային հիշողություն ունեցող մարդիկ կան այստեղ։ Ցավոք սրտի, ոնց որ թե համակարգային հիշողություն ունեցող մարդկանց այդ ասածս պարզ չեղավ։ Քոչարյան Անդրանիկն այսօր խոսում էր իմ անձի մասին՝ ասելով «Դրո» կառույցի անդամ, դատվել է Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին, նախագահ դառնալուց հետո անհասկանալի դուրս է եկել»։

Գեղամ Մանուկյանը հատուկ Քոչարյանի համար բերել էր բանտից դուրս գալու իր ազատական թերթիկը, որպեսզի Անդրանիկ Քոչարյանին տա մանրամասն ծանոթանալու և առնվազն անհասկանալի բաները պարզ դարձնի, որպեսզի այլևս մանիպուլյատիվ հայտարարություններ այդ կապակցությամբ չանի: Նա նշեց նաև, որ  բանտից դուրս է եկել 1997 թվականին, երբ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի նախագահը չէր։

«Հետո եղել եմ Հայաստանի նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի ժողովրդային քարոզչության պատասխանատուն։ Չեմ զղջում որևէ վայրկյան։ Նաև հիշեցնեմ՝ այդ նախընտրական շտաբում ամենաակտիվներից էին Գագիկ Ջհանգիրյանը, Սասուն Միքայելյանը, Հովիկ Աղազարյանը, նաև Լևոն Շիրինյանը․․․այսպես է, հիշելու ենք»։ 

Ամեն մեկիս մի ձև դաստիարակել են, տատս, օրինակ, սովորացրել է, որ «այն ջրհորից, որ ջուր ես խմում, չի կարելի թքել այդ ջրհորի մեջ։ Այն վայրից, որտեղից գիտելիք ես ստացել, չի կարելի այպանել»։ 

ՔՊ պատգամավորներից մեկն այսօր ակնարկով ասաց, բայց վստահ եմ, որ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, «Հայաստան» դաշինքի թեկնածու, բայց առաջին հերթին՝ պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի մասին էր ասում: 

Չեմ ուզում այդքան մանրանալ, որ պարզ դառնա, որ, լավ. չեմ ասում՝ սուտ է խոսացել, ասում եմ ճիշտ չի խոսացել, խաբել է բոլորիդ, որովհետև այն դրվագը, որը նա նկարագրում է, ուղղակի ֆիզիկապես չէր կարող լինել։ Խոսում եմ իբրև Արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտ, խոսում են իբրև Արևելագիտության ֆակուլտետի ուսանողի հայր, այն Արևելագիտության ֆակուլտետի, որ բազմաթիվ փայլուն շրջանավարտներ է տվել, լցրել է Հայաստանի դիվանագիտական կորպուսը։ Արայիկ Հարությունյանը մինչև վերջին պահը դասավանդել է Արևելագիտության ֆակուլտետում, ասել են աչքի վրա ունք կա՞։

Ահավոր է․․․ես եղել եմ մի երջանիկ սերունդ, որ մեր երկրի անկախացման սկզբի ականատեսն է եղել, ու մեկ էլ գալիս է մի սերնդի ներկայացուցիչ, որը այդ մարդկանց պայքարով անկախ երկրում է ապրել, ազատագրված երկրում է ապրել, որևէ հիշողություն կապ չունենալով, մեկ էլ խփում են․․․

Ղարամանյանը մեկ տարեկան է եղել, և իր նման հազարավոր երեխեք են եղել Կապանում, որ գնդակոծությունը դադարել է Կապանի վրա։ 1992 թվականի դեկտեմբերի 10: Այդ սերունդը փրկվել է, գնդակոծության ձայն չի լսել մինչև 2020 նոյեմբեր։ Ազատագրողը եղել է Պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը։ Վազգեն Մանուկյանը ոչ թե դիակ է, այլ հազարավոր մեր քաղաքացիներին փրկել է դիակ դառնալուց։ Ազատագրման գործողության ղեկավար այդ ժամանակ գնդապետ, հիմա՝ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն է եղել։ Այդպիսին են եղել այդ մարդիկ

Նաև. խնդրում եմ, հեռու մնացե՛ք Արթուր Մկրտչյանից, կամ էլ Անդրանիկ Քոչարյանից հարցրեք  Արթուր Մկրտչյանը 1992-ին ընտրված Գերագույն խորհրդի նախագահ էր, Հայաստանի իշխանությունը, այդ թվում Քոչարյան Անդրանիկը, ի՞նչ էին անում նրա դեմ, ոնց էին պայքարում, վառելիք անգամ չէին տալիս։ Խնդրում եմ Արթուր Մկրտչյանի հիշատակից հեռու մնացեք»։