կարևոր
154 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-10 15:32

Դուք ստիպեցիք, որ ես վերադառնամ քաղաքականություն․ Վահե Հակոբյանը՝ Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Դուք ստիպեցիք, որ ես վերադառնամ քաղաքականություն։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, ասաց Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը՝ պատասխանելով ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի այն հարցին, թե ինչո՞ւ է ինքը ՀՀԿ-ից դուրս եկել։

«Մեկ բանով էր պայմանավորված, որ ես լքեցի Հանրապետական կուսակցության շարքերը՝ այդ պահին այլեւս չէի ուզում զբաղվել քաղաքականությունով։ Հետո դուք ստիպեցիք, որ ես վերադառնամ քաղաքականություն»,- ասաց նա։

Ռուբեն Ռուբինյանը հետաքրքրվեց, թե Հակոբյանը ինչո՞ւ չվերադարձավ հարազատ ՀՀԿ-ն, այլ  ստեղծեց նոր կուսակցություն և տվեց երկրորդ հարցը. «Կա՞ հավանականություն, որ մի օր էլ, երբ, օրինակ, «Հայաստան» դաշինքը դժվարություն ունենա, դուք նորից չեք ուզենա չզբաղվել քաղաքականությամբ և թափուր մնա հանձնաժողովի նախագահի պաշտոնը»:

Վահե Հակողյանը փաստեց, որ Ռուբինյանը մանիպուլյացիայի մեծագույն վարպետ է, բայց և նորից կրկնեց, որ այն ժամանակ չէր ուզում զբաղվել քաղաքականությամբ, բայց հպարտ է ՀՀԿ-ի անդամ լինելու համար, իսկ նոր կուսակցություն ստեղծելիս հաշվի է առել ՀՀԿ-ի լավ կողմերը և բացթողումները:

«Շնորհակալ եմ կոմպլիմենտի համար, բայց խնդրում եմ ինձ այլևս որակումներ չտալ, ես ընդամենը հարցեր եմ տալիս»,-պատասխանեց Ռուբեն Ռուբինյանը:

Վահե Հակոբյանը նկատեց, որ Ռուբինյանն իրավունք չունի արձագանքել, քանի որ սպառել է «ԱԺ կանոնակարգ» օրենքով սահմանված արձագանքելու իրավունքը: