կարևոր
475 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-10 14:10

Դատարանը անհարգելի համարեց Արմեն Գևորգյանի բացակայությունը և բավարարեց դատախազի միջնորդությունը՝ պատգամավորին բերման ենթարկել

Դատարանը անհարգելի համարեց Արմեն Գևորգյանի բացակայությունը և բավարարեց դատախազի միջնորդությունը՝ պատգամավորին բերման ենթարկել

Այսօր ժամը 13:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվեց ԵԴ/0253/01/19 գործով քննությունը։

Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդեց հետաձգել նիստը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իր պաշտպանյալն ընտրվել է ԱԺ պատգամավոր և այժմ մասնակցում է խորհրդարանի աշխատանքներին: 

Ալեքսանյանը նաև տեղեկացրեց, որ Արմեն Գևորգյանը, «Հայաստան» խմբակցության որոշմամբ, առաջադրվել է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու: Ներկայումս ԱԺ-ում ընթանում է մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունների գործընթացը։ Բացի այդ, «Հայաստան» խմբակցությունը դիմում է ներկայացրել ՍԴ՝ պատգամավորի անձեռնմխելիության հարցի կապակցությամբ։

Սակայն դատարանը ոչ հարգելի համարեց Արմեն Գևորգյանի բացակայությունը, իսկ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնորդեց դատավարական հարկադրանքի միջոց կիրառել և Գևորգյանին բերման ենթարկել հաջորդ դատական նիստին։ Պաշտպան Ալեքսանյանը հիշեցրեց, որ ներկայումս Արմեն Գևորգյանն ունի նոր կարգավիճակ․ նա անձեռնմխելի է, և հարկադրանքի որևէ միջոց առանց ԱԺ-ի թույլտվության իր նկատմամբ չի կարող կիրառվել։ դատարանը անհարգալի համարեց Արմեն Գևորգյանի բացակայությունը և բավարարեց դատախազի միջնորդությունը՝ պատգամավորին բերման ենթարկել: 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն, իր հերթին, ընդգծեց, որ ԱԺ-ում ընթացող նիստերը նախատեսված են Սահմանադրությամբ, և մեկ անձի որոշմամբ չեն նշանակված։ Բացի այդ, խորհրդարանում նախատեսվում են քվեարկություններ, իսկ ԱԺ փոխխոսնակի ընտրությունները ցույց տվեցին, որ նույնիսկ մեկ անձի բացակայությունը կարող է որոշիչ դեր խաղալ։ «Եթե սա դառնա դատական պրակտիկա, ապա լուրջ քաղաքական գործընթացների վրա ազդեցություն ունենալու մեխանիզմ կարող է դառնալ», - ասաց Ռոբերտ Քոչարյանն՝ առաջարկելով տարանջատել ԱԺ և դատարանի նիստերի օրերը։

Պաշտպանական կողմի կառուցողական և տրամաբանական առաջարկն այն էր, որ դատական նիստերը նշանակվեն ԱԺ նիստերին չհամընկնող օրերին: 

Դատավոր Դանիբեկյանը հայտարարեց, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել հաջորդ դատական նիստին Արմեն Գևորգյանի ներկայությունն ապահովելու համար և որոշեց նախկին փոխվարչապետին, այժմ ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանին բերման ենթարկել դատարան։

Այսօրվա դատական նիստը հետաձգվեց մինչև օգոստոսի 17-ը՝ ժամը 13։00-ն։