կարևոր
1525 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-10 12:00

Դուք արդեն ժողովրդի թիկունքում մեկ անգամ ողբերգական փաստաթուղթ ընդունել եք, չսխալվեք ու մտածեք մարսել եք և նորից նոր զիջումների գնաք․ Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Այն գործադիր իշխանությունը, որը շրջափակել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը, այն Ազգային ժողովը, որի պատգամավորներն իր կուսակցության ղեկավարի հրահանգով կազմակերպել են դատարանների շրջափակումը, այդ իշխանությունը և այդ քաղաքական մեծամասնությունը իրավունք չունի խոսելու արդարադատության համակարգից և արդարադատության համակարգում բարեփոխումներ իրականացնելուց։ Այս մասին այսօր խորհրդարանում ելույթի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

«Եթե խոսքը օրենքի և իրավունքի գերակայության մասին է, շատ լավ, բայց դուք դրա հետ որևէ կապ և առնչություն չունեք, ձեր բոլոր բարեփոխումների մեկնարկը սկսվում է մեկ կետից՝ ամրապնդել ձեր իշխանությունը։ Դուք պարզապես այդ բարեփոխումների տակ ցանկանում եք Հայաստանում հաստատել մեկ մարդու իշխանություն կամ բռնապետություն։ 

Ամենամեծ դժբախտությունը և ողբերգությունն այն է, որ դուք այսքանից հետո դասեր չեք քաղել ու չեք խրատվել, չեք գիտակցում՝ մեր երկիրը ինչ վիճակի եք հասցրել, թե ժողովրդին ինչ դժբախտություն եք բերել։ Էլինար Վարդանյանը շատ դիպուկ է արտահաայտվել՝ «դուք դեռ ապրում եք 2018-19 թվականի Հայաստանում»։ Դուք մի հարցում անգերազանցելի եք՝ կարողանում եք 100 տոկոս փաստը և ճշմարտությունը 180 աստիճանի տակ փոխել ու ներկայացնել, և դժբախտություն է, որ կան մարդիկ, որ դրան հավատում են։

Դուք այդպես էլ իշխանություն չդարձաք։ Շարունակում եք ձեզ ընդդիմության պես պահել, ընդ որում՝ անպատասխանատու ընդդիմության պես։

Կա՞ աշխարհում մի երկիր, որի իշխանությունն իր բոլոր ձախողումների համար ընդդիմությանն է մեղադրում։ Չկա նման բան։ Դա աբսուրդ է։ Մենք ասում ենք՝ ունեցել ենք պատերազմ, ձեր իշխանության օրոք հանձնվել է Արցախի 75 տոկոսը, գալիս եք այս ամբիոնում եք կանգնում ու ասում, որ դա նախկիններն են արել, դուք կապ չունեք։ Ասում ենք՝ թշնամին երկու ուղղությունով մտել է Հայաստանի ինքնիշխան տարածք, վտանգված է մեր երկրի տարածքային ամբողջականությունը, իսկ դուք այս ամբիոնից ասում եք՝ 2010թ-ին ինչ-որ վարչատարածքային բաժանումներով այդ տարածքները տվել ենք Ադրբեջանին։ Բա եղա՞վ, ինչքա՞ն կարելի է մարդկանց ձեռ առնել։ Մենք խոսում ենք բանակի բարեփոխումներից, երկրի առջև ծառացած խնդիրներից, դուք գալիս, կանգնում եք այստեղ ու ասում՝ մարտի 1, հոկտեմբերի 27»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

ԱԺ փոխնախագահը նկատեց՝ 22 տարի առաջ այդ դահլիճում տեղի է ունեցել ողբերգություն և հետաքրքիր զուգադիպությամբ շատերը, որոնք այն ժամանակ պաշտոնյա էին, հիմա էլ են պաշտոնյա, այդ թվում Անդրանիկ Քոչարյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Վաղարշակ Հարությունյանը։

«Մեկ շաբաթ է, ինչ հարցնում ենք՝ ի՞նչ եք բանակցում, ու՞մ հետ եք բանակցում։ Ասում եք՝ հանգիստ եղեք, ժողովրդի թիկունքում փաստաթուղթ չենք ստորագրի։ Չեմ հավատում, դուք արդեն ժողովրդի թիկունքում մեկ անգամ ողբերգական փաստաթուղթ ընդունել եք։

Երկու-երեք ամիս հետո չգաք հանկարծ կանգնեք այս ամբիոնին, ասեք՝ ժողովրդից ստացել եք խաղաղության մանդատ և երկիրը տանեք նոր զիջումների։ Այդ ժամանակ իրական ցասումը կտեսնեք»,-նշեց Իշխան Սաղաթելյանը։

Պատգամավորը նշեց, որ Անդրանիկ Քոչարյանն իր ելույթում բազմիցս նշեց Վազգեն Սարգսյանի անունը՝ ասելով, որ իր զինակիցը, գաղափարական ընկերն է։ Իշխան Սաղաթելյանը հետաքրքրվեց՝ երբ Շուշիում թուրքերը պղծում էին նրա արձանը, ինքն իրեն մեղավոր զգու՞մ էր։

Ամբողջական ելույթը՝ տեսանյութում։