3097 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-10 11:33

Այսօր լրանում է Սևրի պայմանագրի ստորագրման 101-ամյակը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ օգոստոսի 10-ին, լրանում է Սևրի պայմանագրի ստորագրման 101-ամյակը։

Սևրի հաշտության պայմանագիրը ստորագրվել է 1920թ. օգոստոսի 10-ին Սևրում (Փարիզի մոտ), Թուրքիայի կառավարության և 1914-18թթ. Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների միջև:

Պայմանագրում մի ամբողջ բաժին (բաժին VI, 88-93 հոդվածներ) նվիրված է Հայաստանին: Հայաստանի Հանրապետության անունից պայմանագիրը ստորագրել է Փարիզի հաշտության խորհրդաժողովում Հայաստանի Հանրապետության պատվիրակության ղեկավար, ՀՅԴ անդամ Ավետիս Ահարոնյանը: Նա և արևմտահայության Ազգային պատվիրակության ղեկավար Պողոս Նուբարը գլխավոր դաշնակից պետությունների հետ կնքել են լրացուցիչ պայմանագիր՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների, դիվանագիտական և առևտրական հարաբերությունների վերաբերյալ:

Պայմանագրով Թուրքիան Հայաստանը ճանաչում էր որպես ազատ ու անկախ պետություն։ Թուրքիան ու Հայաստանը համաձայնում էին Էրզրումի, Տրապիզոնի, Վանի ու Բիթլիսի նահանգներում երկու պետությունների միջև սահմանազատումը թողնել Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշմանը և ընդունել ինչպես նրա որոշումը, նույնպես և բոլոր առաջարկները՝ Հայաստանին դեպի ծով ելք տալու և հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ։ Ադրբեջանի և Վրաստանի հետ Հայաստանի սահմանները որոշվելու էին այդ պետությունների հետ ուղղակի բանակցությունների միջոցով։ Եթե այդ պետություններին չհաջողվեր համաձայնության գալ, ապա գլխավոր դաշնակից տերությունները խնդիրը պետք է լուծեին հատուկ հանձնաժողովի օգնությամբ՝ տեղում։ Սևրի հաշտության պայմանագրի համապատասխան հոդվածները թույլատրում էին բնակչության կամավոր փոխադրում, տասնութից բարձր տարիք ունեցող անձինք կարող էին քաղաքացիություն ընտրել տարածաշրջանի մի այլ երկրոււմ՝ համապատասխան իրենց ազգության կամ կրոնական պատկանելիության, որտեղ նրանք մեծամասնություն էին կազմում։ Այդ մարդիկ պահպանում էին իրենց իրավունքը անշարժ գույքի նկատմամբ, բայց պարտավորվում էին մեկ տարվա ընթացքում իրենց շարժական գույքը փոխադրել այն երկիր, որն ընտրել էին։ Անօրինական էր հայտարարվում լքյալ գույքի մասին օսմանյան կառավարության 1915 թ. օրենքը։

Մինչև Սևրի հաշտության պայմանագրի ստորագրումը ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի նշանակած հանձնաժողովը ուսսումնասիրել էր տեղագրությունը, տնտեսությունը, տրանսպորտը, ջրային ռեսուրսները, առևտրական ճանապարհները, ժողովրդագրական և մյուս խնդիրները, որոնք պետք է հաշվի առնվեին սահմանները որոշելիս։ Հանձնաժողովն իր հանձնարարականները քննարկման ներկայացրեց 1920 թ. սեպտեմբերին: Վիլսոնի որոշման համաձայն՝ Հայաստանը պետք է ստանար Վանի և Բիթլիսի նահանգների երկու երրորդը, Էրզրումի գրեթե ամբողջ նահանգը, Տրապիզոնի նահանգի մեծ մասը՝ ներառյալ նավահանգիստը։ Ընդհանուր առմամբ այդ տարածքը կազմում էր մոտ 90 հազար կմ2։ Միավորելով Անդրկովկասում արդեն գոյություն ունեցող Հայաստանի Հանրապետության հետ՝ հայկական անկախ պետությունը կունենար շուրջ 160 հազար կմ2 տարածություն՝ դեպի Սև ծով ելքով։

Սևրի պայմանագիրը միջազգային այն փաստաթուղթն է, որը ճանաչեց և ամրագրեց Հայաստանի անկախությունը: Հայաստանի Հանրապետությունը հանդես էր գալիս որպես այդ պայմանագրի իրավահավասար կողմ: Անկախության կորստից դարեր անց Հայաստանի իշխանություններն առաջին անգամ աշխարհի մեծ տերությունների հետ մեկտեղ կնքում էին միջազգային պայմանագիր: Հայաստանի Հանրապետությունը պայմանագրում նախանշված սահմաններում ճանաչվում էր որպես միջազգային հարաբերությունների լիիրավ անդամ և միջազգային իրավունքի իրավահավասար սուբյեկտ:

Սակայն Սևրի հաշտության պայմանագիրը մնաց թղթի վրա։ Այն չվավերացրեց նույնիսկ սուլթանական կառավարությունը։ Քեմալականները դիմեցին դրա հաստատումը կանխող բոլոր միջոցներին և որպես առաջին քայլ նոր արշավանք սկսեցին Հայաստանի Հանրապետության դեմ՝ այն ոչնչացնելու մտադրությամբ։ Հաջորդ տարվա ընթացքում քեմալականները, օգտվելով միջազգային նոր իրադրությունից, որը ստեղծվել էր Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի մերձեցման հետևանքով, հասան Սևրի հաշտության պայմանագրի սառեցմանը (այն ուղղակի չի վավերացվել մինչև օրս)։

Հետագայում 1923 թ. կնքվեց Լոզանի պայմանագիրը(Լոզանի կոնֆերանս, 1922-23 թթ.)։ Դաշնակիցները ճանաչեցին Մուստաֆա Քեմալի Անկարայի կառավարությունը և նրա իրավունքը Արևելյան Թրակիայի, Իզմիրի, բայց ոչ Կիլիկիայի նկատմամբ։

Մանրամասները՝ Արթուր Մկրտչյանի տեսանյութում։