կարևոր
514 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-09 16:50

Մոսկվայում սպասվող բանակցությունների մասին հարցին Քոչարյանը խուսափեց ուղիղ պատասխանել

Նոյեմբերի 9-ի կապիտուլացիոն հայտարարությունից հետո, որի առաջին կետում ամրագրվում էր հրադադարի մասին փաստը, այնուամենայնիվ, Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ և ծավալապաշտական քաղաքականությունը, որի փաստն այն է, որ այսօր ՀՀ սուվերեն տարածքում, մասնավորապես Սյունիքում և Գեղարքունիքում, տեղակայված են ադրբեջանական զինվորներ։ Նման ագրեսիայից հետո, ՊՆ–ն հետևյալ հաղորդագրությունն է տարածել․ «Հակառակորդը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում  նախատեսվող բանակցություններից առաջ նախահարձակ մարտական գործողություններ է սկսել ՀՀ սահմաների վրա՝ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում»։ Այս մասին ԱԺ-ի այսօրվա նիստում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ հարց ուղղելով ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Անդրանիկ Քոչարյանին, թե ի՞նչ բանակցություններ են առաջիկայում սպասվում Մոսկվայում, ի՞նչ մակարդակի բանակցությունների մասին է խոսքը և ի՞նչ է դրված բանակցությունների սեղանին:

Անդրանիկ Քոչարյանը խուսափեց պատասխանել հարցին, միայն նշեց, որ քննարկվելու են սահմանին տեղի ունեցող իրադարձությունները, իսկ թե Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միջև ի՞նչ պայմանավորվածություններ են հաստատվել, տեղյակ չէ, բայց կարծում է՝ դրանք ի վնաս Հայաստանի երբեք չեն կարող լինել:

Աննա Գրիգորյանն արձագանքեց, որ իր հարցերից որևէ մեկը կոնկրետ պատասխան չի ստացել:

Անդրանիկ Քոչարյանն էլ կրկնեց, որ Ռուսաստանում քննարկվում են սահմանի հետ կապված խնդիրները, որին մասնակցում է նաև ադրբեջանական կողմից որևէ զինվորական.

«Ոչ ոք ԱԺ-ի հետևում բանակցային գործընթաց չի կարող տանել, թե դրա կարիքը լինի հարցը կքննարկվի նաև ԱԺ-ում, կարծում եմ, սրանից ավել չարժի այս ամբիոնից հնչեցնել»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը: