Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցները այսօր՝ օգոստոսի 9-ին, բողոքի ակցիա են իրականացնում՝ դեմ արտահայտվելով տնօրենի նոր պաշտոնակատար Արևիկ Մկրտչյանի նշանակմանը․ նշում են, որ Մկրտչյանը նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանի մտերիմն ու թիմակիցն է:
Հավաքվածների խոսքով՝ ներկայիս տնօրեն Վլադիմիր Սիմոնյանից իրենք գոհ են և նրա հետ կապված ոչ մի խնդիր չկա: Նրանից առաջ ղեկավարող Ռուբեն Խաչատրյանն էլ աշխատանքից հեռացվել էր Երևանի քաղաքապետարանի կողմից՝ աշխատանքի վատ կազմակերպման համար: Կենդանաբանական այգու 8-ամյա աշխատակիցն էլ ասաց, թե ինքը Վլադիմիր Սիմոնյանի վերաբերյալ էլ կարող է ասել, որ նա շատ բարեխիղճ աշխատել է, և չի հասկանում, թե ինչի համար են նրան հեռացնում աշխատանքից:
Աշխատակիցները նաև նշեցին, որ Վլադիմիր Սիմոնյանն այս ընթացքում գտնվել է հիվանդանոցում և անգամ չի ծանուցվել աշխատանքից իր ազատման մասին:
Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում են, որ ակցիան շարունակվելու է այնքան, մինչև խնդիրը լուծում ստանա: