կարևոր
391 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-09 11:52

Վերաքննիչ դատարանը բավարարեց Ռուբեն Վարդազարյանի գործով դատախազության բողոքը

Վերաքննիչ դատարանը բավարարեց Ռուբեն Վարդազարյանի գործով դատախազության բողոքը

Վերաքննիչ դատարանը Ռուբեն Վարդազարյանի գործով ամբողջությամբ բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության բողոքը։ Այս մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը․

«Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2021թ. մայիսի 31-ի որոշմամբ բավարարել էր ՀՀ բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները ժամանակավորապես կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի դիմումը, որի դեմ ՀՀ գլխավոր դատախազությունը բերել էր վերաքննիչ բողոք:

Հիշեցնենք, որ այդ որոշմամբ Առաջին ատյանի դատարանը գտել էր, որ նախքան Ռուբեն Վարդազարյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելը, Դատախազությունը պետք է դիմեր ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ և ստանար վերջինիս համաձայնությունը: Եվ այնքանով, որքանով չէր դիմել, ըստ Առաջին ատյանի դատարանի, թույլ է տվել Ռուբեն Վարդազարյանի իրավունքների խախտում:

ՀՀ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքի հիմնական բովանդակությունը հանգում էր նրան, որ կոնկրետ տվյալ քրեական գործի համատեքստում ՀՀ բարձրագույն դատական խորհրդի համաձայնությունն ստանալու, այսինքն Ռուբեն Վարդազարյանի անձեռնմխելիության հաղթահարման ընթացակարգ չէր կարող կիրառվել:

Քննարկելով ՀՀ գլխավոր դատախազության բողոքը՝ ՀՀ վերաքննիչ դատարանն իր այսօր հրապարակած որոշմամբ ամբողջությամբ բավարարել է այն և բեկանել ՀՀ առաջին ատյանի դատարանի որոշումը»:

Հիշեցնենք, որ ՀՀ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին ՀՔԾ-ում մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասի՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ առանց նրա անձեռնմխելիության հաղթահարման՝ նախկին դատավոր, ԱԱԾ տնօրենի նորանշանակ տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի հաղորդման հիման վրա։