կարևոր
1894 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-07 12:58

Քովիդ թեստերի մաֆիան վերահսկում է կառավարության տեսչական մարմինը. News.am

Քովիդ թեստերի մաֆիան վերահսկում է կառավարության տեսչական մարմինը. News.am

Տուրիստական սեզոնի բացմանը զուգահեռ News.am-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում Հայաստան ժամանած քաղաքացիներից՝ սահմանային անցակետերում տեղակայված լաբորատոր նմուշառման կետերում իրականացվող ՊՇՌ հետազոտությունների բարձր գների, քաղաքացիների նկատմամբ ցուցաբերվող ընտրողական վերաբերմունքի և այլ արատավոր երևույթների մասին։ Այս մասին տեղեկացնում է News.am-ը։

«Այսօր՝ օգոստոսի 6–ին «Զվարթնոց» օդանավակայան ժամանած News.am–ի լրագրողն անձամբ է բախվել խնդրին և ուշագրավ մանրամասներ իմացել կորոնավիրուսի թեստավորման միջոցով գերշահույթների ստացման սխեմայի մասին։ Այն բանից հետո, երբ լրագրողը հրաժարվել է իր և ընտանիքի անդամների  ՊՇՌ հետազոտությունների համար 60.000 դրամ վճարել՝ նշելով, որ գումար չունի, տարածքում հսկողություն իրականացնող ոստիկանները, առանց որևէ այլընտրանք առաջարկելու պարտադրել են կատարել կառավարության «որոշումը» և հենց օդանավակայանում թեստավորում իրականացնել։

Լրագրողը, մեջբերելով կառավարության որոշումը, նշել է, որ ցանկանում է օգտվել պարտադիր  մեկուսացումից, ինչի համար անհրաժեշտ է շտապօգնության բրիգադ հրավիրել և ընտանիքի անդամներին տեղափոխել մեկուսացման վայր։ Ոստիկանության ծառայողները, սակայն շարունակել են պնդել, որ պետք է թեստավորում անցնել հենց օդանավակայանի տարածքում։ Ի դեպ` զրույցի ողջ ընթացքում ոստիկանության ծառայողները առանց դիմակի էին։News.am-ի լրագրողի բազմաթիվ պնդումներից հետո է միայն  ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցը համաձայնել շտապօգնության բրիգադ հրավիրել։ Այս ընթացքում լրագրողը տեղեկացրել է, որ իր հետ կա 1 տարեկան մանկահասակ երեխա և հաշմանդամություն ունեցող ծնողներ՝ խնդրելով հնարավորինս շուտ կազմակերպել մեկուսացումը, սակայն մեկուկես ժամ  անց էլ շտապօգնության բրիգադը չի ժամանել։ Արդյունքում, օդակայանում սպասելուց առողջական խնդիրներ ունեցող հարազատների վիճակը վատանում է և մեր թղթակիցը ստիպված է լինում ընկերներից գումար խնդրել և 4 անձի թեստավարման համար 60.000 դրամ վճարել։

Դրանից հետո միայն նրան ընտանիքի անդամների հետ հաջողվել է ի վերջո դուրս գալ օդանավակայանի տարածքից։  Ի դեպ՝ պարզվում է, որ պարտադիր թեստավորման պահանջը «Զվարթնոցում» իրականացվում է ընտրողաբար՝ ծանոթ–բարեկամ սկզբունքով։ Օդանավակայանի՝ մեզ ծանոթ աշխատակիցները և ուղևորներին տեղափոխող տաքսիստները պատմում են, որ առանց թեստավորման կամ մատչելի գնով հետազոտմամբ օդանավակայանից դուրս գալու հարցում երբեմն միջնորդ են հանդիսանում հենց առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և ոստիկանության աշխատակիցները։ Ասվածը ստուգելու համար բավարար է իրավապահ մարմինները ուսումնասիրել ժամանման սրահում առկա տեսանկարահանող սարքերի արձանագրած մեկ օրվա կադրերը։

Նշենք, որ կառավարության թիվ 1514 որոշման համաձայն՝  այն անձինք, որոնք կհրաժարվեն թեստավորումից, ՀՀ տարածք մուտք գործելուց հետո կենթարկվեն պարտադիր հոսպիտալացման կամ մեկուսացման։

Մեկուսացման հրահանգը տրվում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի անունից` մարմնի ղեկավարի լիազորած պաշտոնատար անձի գրավոր հրահանգով։ Մեկուսացման դեպքում անձը ոստիկանության ներկայացուցչի հսկողությամբ և Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցչի ուղեկցությամբ տեղափոխվում է առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի սահմանած մեկուսացման վայր:

Մինչդեռ այսօրվա հերթական դեպքը ցույց տվեց, որ օրենքի այս դրույթը հակասում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, ոստիկանության և օդանավակայանում կորոնավիրուսի թեստավորում իրականացնող ընկերությունների շահերին։ Մնում է արձանագրել, որ հարկատուների հաշվին աշխատավարձ ստացող պետական ծառայողները ևս ներառված են թեստավորման մաֆիայում և սպասարկում են ամսական միլիարդների հասնող եկամուտ ստացող լաբորատորիաների շահերը։ Իսկ հանրագումարում՝ քաղաքացիների՝ բարձր գներով պարտադիր թեստավորումը միակ տարբերակն է մաֆիայի ձեռքից դուրս պրծնելու համար, մյուս տարբերակները ձևական են և առոչինչ»։