կարևոր
421 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-06 18:31

Արցախի հարցով բանակցություններն այլևս չեն կարող լինել այն ձևաչափով, ինչ եղել են մինչ պատերազմը․ Արմեն Գևորգյան

Հայաստանում համակարգաստեղծ ինստիտուտ է համարվում Ազգային ժողովը, որը, իմ գնահատմամբ, իր հիմնական գործառույթը չի կատարել: Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը:

«Համակարգաստեղծ ինստիտուտը Հայաստանի Հանրապետությունում դարձավ ՀՀ Ազգային ժողովը, որը ցավոք սրտի, ըստ իմ գնահատականի՝ առնվազն գոնե մինչև այս գումարման ԱԺ-ն, իր հիմնական գործառույթը տարբեր պատճառներով չի կատարել, որովհետև ըստ էության, շատերի մոտ կա տպավորություն, որ Ազգային ժողովի հիմնական գործառույթը այսօրվա կարգավիճակով օրենքներ ընդունելն է միայն: Ո՛չ, ըստ 88-րդ հոդվածի 1-ին կետի Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է, այսինքն այն առաջին հերթին քաղաքական մարմին է:

2-րդ կարևորագույն գործառույթը վերահսկողական գործառույթն է: Ես ինձ թույլ տվեցի այս մի քանի օրերի ընթացքում ուսումնասիրել, թե ինչպես ենք մենք կարողացել վերահսկողական ավանդույթներ ձևավորել, այդ թվում նաև 2018 թվականից հետո և ցավոք սրտի, չեմ կարող ասել, որ մենք մեր պետական համակարգում վերջին երեք տարիների ընթացքում ունեցել ենք արդյունավետ խորհրդարանական վերահսկողական ավանդույթներ»:

«Այս ութերորդ գումարման Ազգային ժողովը, ուզենք թե չուզենք, ուղղակի ծնունդն է այն ողբերգության, որը տեղի է ունեցել Արցախում անցած տարի։ Ուզենք թե չուզենք, այս ութերորդ գումարման Ազգային ժողովի ուսերին է մնալու այն հանգամանքը՝ Արցախը այնուամենայնիվ լինելու է հայկական, թե՝ ոչ։ Մենք տարբեր ռակուրսներով ենք այսօր Արցախի հարցը քննարկում, բայց եկեք արձանագրենք մի հանգամանք, մենք կարող ենք տարբեր ծրագրեր իրականացնել Արցախում՝ սոցիալական, տնտեսական, ենթակառուցվածքային, բայց Արցախի հարցը 1988 թվականից մինչև այսօր ոնց եղել է քաղաքական, այդպես էլ մնացել է։ Հիմքում ազգերի ինքնորոշման իրավունքն է, որը մինչև այսօր չի իրացվել։ Եվ այսօր աշխարհում այդ իրավունքի իրացման տարբեր ձևեր ու ձևաչափեր կան։ Եվ այդ իրավունքի իրացման ընթացքին աշխարհում այսօր անմիջական մասնակցություն են ունենոմ խորհրդարանները՝ խորհրդարանական վերահսկողության ձևով»,- ասաց նա։

Անդրադառնալով Արցախի հարցով մշտական հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտությանը՝ նա ընդգծեց, որ դա պետք է, որպեսզի Արցախին առնչվող հիմնական խնդիրները, որոնք դեռ չեն լուծվել, մնան առաջնային մանդատ ունեցող ինստիտուտի համար.

«Արցախի հարցով բանակցությունները այլևս չեն կարող լինել այն ձևաչափով, ինչ եղել են մինչ պատերազմը: Հանրային ուշադրությունն այս խնդիրներին բազմապատկվել է, եթե այս պարագայում խորհրդարանը մի կողմ քաշվի՝ տարբեր պարզաբանումներով, ապա սա անհասկանալի կլինի: Ես հասկանում եմ, որ նման հանձնաժողովի ստեղծումը գլխացավանք է լինելու գործադիր իշխանության համար բանակցություններ վարելիս: Բայց դա չպետք է լինի գլխացավանք ողջ հայության համար, քանի որ այդ հանձնաժողովը պատասխատավություն է ստանձնելու ոչ միայն գործադրի և պատգամավորների առաջ, այլ նաև ողջ հայության»,-ասել է Գևորգյանը: