Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մերժեց Արցախի հարցերով հանձնաժողովի ստեղծումը։
Որոշումն ընդունվել է կողմ՝ 33, դեմ 0, ձեռնպահ 68 ձայներով։
Ընդդիմության ներկայացրած այլընտրանքային նախագծով՝ առաջարկվում էր ձևավորել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով: Որոշման նախագիծը ներկայացրեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
Հանձնաժողովի քննարկման տիրույթում է գտնվելու մի շարք հարցեր՝ ՀՀ կողմից Արցախին տրամադրվող աջակցություն՝ ֆինանսական, քաղաքական, դիվանագիտական, հումանիտար, ռազմական, սոցիալական և այլ բնույթի։ Արցախի հակամարտության բանակցային գործընթաց։
Արցախի հետ ռազմական, քաղաքական, դիվանագիտական, տնտեսական կապեր, Արցախի ԱԺ-ի հետ համագործակցություն, տարածաշրջանային կապեր, խորհրդարանական-բարեկամական խմբեր, միջխորհրդարանական կապերի և այլ ոլորտների օրենքները համակարգելու և աշխատանքի կազմակերպման համար։
Հայկ Մամիջանյանը, ներկայացնելով հանձնաժողովի նպատակները, անտեղի համարեց բոլոր հակափաստարկները, որոնք հնչել են կամ կարող են հնչել՝ ստվերելով նման հանձնաժողովի ստեղծման կարևորությունը։
Վերջինս նշեց՝ կա հնարավորություն, որ քաղաքական մեծամասնությունը պատրաստ է կառուցողական աշխատանքի՝ հանուն Արցախի։
«Ցանկացած պատգամավոր, որը դեմ կքվեարկի Արցախի հարցերով մշտական հանձնաժողովի ստեղծմանը, չի կարևորում Արցախի խնդիրների մշտական, հետևողական լուծումը։ Հանձնաժողովը ցույց կտա, որ մեր երկիրը կանգնած է մեր հայրենիք Արցախի կողքին և պատրաստ է կիսել մեր հայրենիքի ցավը»։
Ընդդիմության փաստարկմամբ՝ Հանձնաժողովի ստեղծմամբ պետք է վերականգնել Հայաստանի՝ որպես Արցախի անկախության և անվտանգության երաշխավորի խարխլված դիրքերը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը, դիմելով խորհրդարանական մեծամասնությանը, նշեց՝ «դրանով Ազգային ժողովում հստակ ցույց ենք տալու, որ ինչ խնդիր գոյություն ունի, որ դուք պարտավոր եք լուծել, որ հանրութունն իմանա, թե դուք ինչպիսի մոդելով եք պատկերացնում այդ խնդիրների լուծումը։ Արցախի հարցը դրա գլխավոր առանցքային հարցերից մեկն է։ Մենք ասում ենք պարտություն է եղել, այդ պարտության հետևանքները չեզոքացնենք, և դրանից բխող գործիքակազմ ստեղծենք, քայլեր կատարենք, դուք ասում եք, «այո իհարկե, ով է ասում, որ Արցախի հարցը կարևոր չի․․․մեր ամբողջ գործունեությունն ուղղվածա Արցախին․․․», բայց որ ասում ենք եկեք դրա համար գործ անենք, պարզվում է, որ չէ՝ դուք ինչ-որ երկրորդական, երրորդական պատճառներ եք գտնում, հակափաստարկներ եք բերում, որոնք թղթե տանկի նման քանդվելու են»։
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի խոսքով՝ «Նման հանձնաժողովի ստեղծումը նաև հստակ քաղաքական ուղերձ է իր ապագայով մտահոգ արցախահայությանը, թե՛ սրտացավ աշխարհասփյուռ հայրենակիցներին, թե՛ Ադրբեջանին ու Թուրքիային, թե՛ միջազգային հանրությանը։ Ուղերձ է այն մասին, որ հայկական առաջին պետությունը Արցախի, այնտեղ ապրող ժողովրդի մասին չի մոռացել, ձեռքերը Արցախից չի լվացել, չի պատրաստվում հրաժարվել Արցախի խնդիրներով զբաղվելուց»։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը խորհրդարանում ներկայացրեց ՔՊ-ի՝ հանձնաժողովների ձևավորման նախագիծը: Իշխող խմբակցության նախագծով առաջարկվում է 8-րդ գումարման ԱԺ-ում ստեղծել 12 մշտական հանձնաժողով՝ տարանջատել նախորդ գումարման ԱԺ-ում գործող Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը և ձևավորել առանձին՝ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով և Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով:
Քվերակությամբ՝ 67 քպական կողմ ձայնով ընդունվեց մեծամասական խմբակցության նախագիծը: Այսպիսով, խորհրդարանական իշխող մեծամասնությունը մերժեց Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ունենալու նախագիծը: