կարևոր
1552 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-06 15:46

Սա ուղերձ է այն մասին, որ հայկական առաջին պետությունը ձեռքերը Արցախից չի լվացել․ Արթուր Վանեցյան

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը որպես նորընտիր պատգամավոր առաջին ելույթը սկսեց կարևոր հարցերից մեկի՝ Արցախի մասին։ Խմբակցության ղեկավարը նշեց, որ բարձրաձայնել է Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելու մասին գաղափարը, որ հետագայում պաշտպանել է նաև «Հայաստան» խմբակցությունը։

Վանեցյանը նշեց, որ նման հանձնաժողով ստեղծելն առաջնային է։ 44-օրյա աղետալի պատերազմից հետո Արցախում և Հայաստանում ստեղծված օրհասկան վիճակը թելադրում է ունենալ երկրորդ հայկական պետության խնդիրներով զբաղվող մշտապես գործող խորհրդարանական միավոր։

Վանեցյանը նկատեց՝ Արցախի հետ կապված հարցերը կտրուկ ավելացել են, որոնք ընդգրկում են անվտանգային և քաղաքական բաղադրիչները, միաժամանակ ներառում են նաև հոգևոր, մշակութային, սոցիալական, կրթական ու բազում այլ հարցեր։

«Նման հանձնաժողովի ստեղծումը նաև հստակ քաղաքական ուղերձ է իր ապագայով մտահոգ արցախահայությանը, թե՛ սրտացավ աշխարհասփյուռ հայրենակիցներին, թե՛ Ադրբեջանին ու Թուրքիային, թե՛ միջազգային հանրությանը։ Ուղերձ է այն մասին, որ հայկական առաջին պետությունը Արցախի, այնտեղ ապրող ժողովրդի մասին չի մոռացել, ձեռքերը Արցախից չի լվացել, չի պատրաստվում հրաժարվել Արցախի խնդիրներով զբաղվելուց»։

Վանեցյանը նշեց, որ մշտական հանձնաժողովի կառուցվածքը արտացոլում է նաև տվյալ ժամանակաշրջանի քաղաքական նպատակահարմարությունները, առաջնահերթությունները։ Խմբակցության ղեկավարը նաև անդրադարձավ խորհրդարանում իշխաղ մեծամասնության դիտարկումներն, թե Արցախի մշտական հանձնաժողով առանձին միավոր ձևավորելու կարիք չկա, որովհետև մնացած հանձնաժողովները զբաղվում են Արցախի հարցերով։ Նշեց, որ այդ փաստարկները տեղին չեն, իսկ դիտարկումներ անողներին, որոնք պնդում էին, թե ի՞նչ օրենքներ պետք է քննարկի հանձնաժողովը՝ նշեց, որ կամ լավ չեն պատկերացնում, կամ դիտավորյալ ուզում են մոլորեցնել ժողովրդին։

«Այդ փաստարկները տեղին չեն, իսկ դիտարկումներ անողներին, որոնք պնդում էին, թե ի՞նչ օրենքներ պետք է քննարկի հանձնաժողովը  կամ լավ չեն պատկերացնում, կամ դիտավորյալ փորձում են մոլորեցնել ժողովրդին․․․ Եթե առաջարկը մերժվի, կարող ենք հիմնավոր կասկածներ ունենալ, որ քաղաքական մեծամասնությունը փորձում է կամ հետևողականորեն լվանում է  իրենց ձեռքերը Արցախից, հրաժարվում է  Արցախից, լքում են Արցախը․ մենք դա չենք կարող թույլ տալ։ Արցախը կա և մնում է հայկական»։