կարևոր
331 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-06 15:34

Հարավկովկասյան երկաթուղու շարժակազմը համալրեց 2 նոր ժամանակակից էլեկտրագնացքով

Հարավկովկասյան երկաթուղու շարժակազմը համալրեց 2 նոր ժամանակակից էլեկտրագնացքով

Օգոստոսի 6-ին, Երևանի երկաթուղային կայարանում, ներկայացվեց երկու նոր ԷՊ2Դ էլեկտրագնացք, որոնք Հարավկովկասյան երկաթուղին գնել է ռուսաստանյան արտադրողից`«Տրանսմաշհոլդինգ» ընկերությունից:

Էլեկտրագնացքները կսպասարկեն ներհանրապետական ուղերթները դեպի Գյումրի և Երասխ, ինչը զգալիորեն կբարձրացնի փոխադրումների հարմարավետության մակարդակը: Այսպիսով, ՀԿԵ-ն ունի արդեն 4 նոր շարժակազմ, և արդիականացման ծրագիրը հետևողականորեն իրականացվում է:

Հաջորդ տարի ՀԿԵ-ն նախատեսում է գնել ևս մեկ նոր էլեկտրագնացք և 50 նոր բեռնատար վագոն:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կառավարության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան, արտադրող ընկերության ներկայացուցիչները:

Միջոցառման շրջանակներում ՀԿԵ-ն Բաց դռների օր կազմակերպեց մոտ 100 դպրոցականի համար, որոնք ծանոթացան Երկաթուղու թանգարանի նորացված ցուցահանդեսին, ինչպես նաև ընկերության նոր շարժակազմին: Մոտ օրերս երիտասարդների շրջանում երկաթուղին հանրայնացնելու նպատակով ՀԿԵ-ն դպրոցականների համար նոր էլեկտրագնացքով Երևանից Գյումրի շրջագայություն կկազմակերպի:

ԷՊ2Դ էլեկտրագնացքը լիովին համապատասխանում է ուղևորափոխադրումների անվտանգության բոլոր կանոններին: Հայաստանի համար ընտրվեց էլեկտրագնացքի 2-վագոնանոց մոդիֆիկացիան, որն առավել հարմար է հայաստանյան պայմաններին:

Ունի օդափոխման, մանրէազերծման, հակահրդեհային, անվտանգության համակարգեր: Յուրաքանչյուր վագոնում տեղադրված էկրաններին երևում է երթուղու մասին ընթացիկ տեղեկատվությունը:

Գնացքը հարմարավետ է բոլորի, այդ թվում՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող ուղևորների համար։ Գնացքում ծխելն արգելում է:

Նշենք, որ 2020 թվականի առաջին կիսամյակում ՀԿԵ-ն ներհանրապետական հաղորդակցությունում տեղափոխել է 137 հազար ուղևոր, իսկ 2021 թվականի նույն ժամանակահատվածում ՝ գրեթե 180 հազար ուղևոր՝ ապահովելով 31% աճ: