կարևոր
304 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-06 13:30

Ռուբեն Վարդազարյանի գործով որոշումը Վերաքննիչ դատարանը կհրապարակի օգոստոսի 9-ին

Ռուբեն Վարդազարյանի գործով որոշումը Վերաքննիչ դատարանը կհրապարակի օգոստոսի 9-ին

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի իրավունքների և օրինական շահերի խախտումը վերացնելուն պարտավորեցնելու վերաբերյալ դատարանի որոշման դեմ դատախազության բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու։ Դատարանի որոշումը կհրապարակվի օգոստոսի 9-ին։

Հիշեցնենք, որ Վարդազարյանի լիազորությունները կասեցված են։

Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, բավարարել է Ռուբեն Վարդազարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման դեմ բողոքը՝ պարտավորեցնելով վերացնել Ռուբեն Վարդազարյանի իրավունքների և օրինական շահերի խախտումը։ Այլ խոսքով՝ դատարանն արձանագրել է, որ վարույթ իրականացնող մարմինը պարտավոր էր հաղթահարել Ռուբեն Վարդազարյանի գործառութային անձեռնմխելիությունը, ինչը չի կատարվել։

Դատախազությունը դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի կողմից մակագրվել է դատավոր Մհեր Արղամանյանին։ Մակագրման գործընթացի վերաբերյալ մտահոգությունների հիման վրա փաստաբանները դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդություն էին ներկայացրել, որը մերժվել է։

Հիշեցնենք, որ ՀՀ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին ՀՔԾ-ում մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասի՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ առանց նրա անձեռնմխելիության հաղթահարման՝ նախկին դատավոր, ԱԱԾ տնօրենի նորանշանակ տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի հաղորդման հիման վրա։