կարևոր
1462 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-06 12:30

ԱԺ-ն այլևս երբեք չի կարող Արցախի հարցում հայտնվել լուսանցքում. ԱԺ ընդդիմությունն առաջարկում է ստեղծել Արցախի հարցով մշտական հանձնաժողով

ԱԺ-ն այլևս երբեք չի կարող Արցախի հարցում հայտնվել լուսանցքում. ԱԺ ընդդիմությունն առաջարկում է ստեղծել Արցախի հարցով մշտական հանձնաժողով

ԱԺ-ում ընթանում է մշտական հանձնաժողովների ստեղծման հարցի քննարկումը։ Խմբակցությունները ներկայացրել են խորհրդարանական հանձնաժողովների թիվը, անվանումները և գործունեության ոլորտը հաստատելու մասին որոշման երկու նախագիծ․ մեկը՝ ՔՊ խմբակցությունը, մյուսը՝ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները։

Ընդդիմության ներկայացրած այլընտրանքային նախագծով՝ առաջարկվում է ձևավորել նաև Արցախի հարցերով մշտական հանձնաժողով: Որոշման նախագիծը ներկայացրեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։ 

Հանձնաժողովի քննարկման տիրույթում է գտնվելու մի շարք հարցեր՝ ՀՀ կողմից Արցախին տրամադրվող աջակցություն՝ ֆինանսական, քաղաքական, դիվանագիտական, հումանիտար, ռազմական, սոցիալական և այլ բնույթի։ Արցախի հակամարտության բանակցային գործընթաց։

Արցախի հետ ռազմական, քաղաքական, դիվանագիտական, տնտեսական կապեր, Արցախի ԱԺ-ի հետ համագործակցություն, տարածաշրջանային կապեր, խորհրդարանական-բարեկամական խմբեր, միջխորհրդարանական կապերի և այլ ոլորտների օրենքները համակարգելու և աշխատանքի կազմակերպման համար։ 

Հայկ Մամիջանյանը, ներկայացնելով հանձնաժողովի նպատակները, անտեղի համարեց բոլոր հակափաստարկները, որոնք հնչել են կամ կարող են հնչել՝ ստվերելով նման հանձնաժողովի ստեղծման կարևորությունը։

«Թեպետ ինձ համար անընկալելի է «ՀՀ ԱԺ-ում Արցախի հարցերով մշտական հանձնաժողովի ստեղծման հակափաստարկ» արտահայտությունը, բայց ենթադրում եմ, որ որպես հակափաստարկ կբերվի, որ բոլոր մշտական հանձաժողովները պիտի զբաղվեն Արցախի խնդրով։ Այո, ոչ միայն բոլոր հանձնաժողովները, այլև ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պիտի ուժերի ներածին չափով աշխատի Արցախի համար, հանուն մեր հայրենիքի, բայց արդյոք բոլոր հանձնաժողովները չէ, որ ունեն բաղադրիչներ։ Եվ այն փաստարկը, թե կարող է առաջանալ ոլորտների վերադրում, կարծում եմ, չի դիմանում որևէ քննադատության։ Այս կամ այն հանձնաժողովի ստեղծումը շատ ուժեղ մեսիջ է ամբողջ աշխարհին։ Աշխարհը ունի կարիք լսելու ՀՀ-ից այն մեսիջը, որ մեր երկրի ԱԺ-ում ստեղծվում է Արցախի հարցերով մշտական հանձնաժողով», – ասաց նա։

Վերջինս նշեց՝ կա հնարավորություն, որ քաղաքական մեծամասնությունը պատրաստ է կառուցողական աշխատանքի՝ հանուն Արցախի։

«Ցանկացած պատգամավոր, որը դեմ կքվեարկի Արցախի հարցերով մշտական հանձնաժողովի ստեղծմանը, չի կարևորում Արցախի խնդիրների մշտական, հետևողական լուծումը։ Հանձնաժողովը ցույց կտա, որ մեր երկիրը կանգնած է մեր հայրենիք Արցախի կողքին և պատրաստ է կիսել մեր հայրենիքի ցավը»։

Ասպիսով ընդդիմության առաջարկով՝ 12 հանձնաժողով է լինելու.

Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով, որը կունենա 7 անդամ։

Արցախի հարցերով մշտական հանձնաժողով՝ բաղկացած 8 անդամից։

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով՝ 10 անդամով։

Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով, որը, ըստ ընդդիմության, կունենա 8 անդամ։

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ կազմված 7 անդամից։

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով՝ 7 անդամից։

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը կազմված կլինի 11 անդամից։

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով՝ 14 անդամ։

Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով, որը կունենա 7 անդամ։

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով՝ 8 անդամով։

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝ 10 անդամ։ 12-րդը կլինի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը՝ 10 անդամով։