կարևոր
274 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-06 10:03

Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ

Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ

Ազգային ժողովն այսօր՝ օգոստոսի 6-ին շարունակում է իր աշխատանքը: Արդեն 5 օր անցել է, սակայն նորընտիր Ազգային ժողովը ամբողջովին չի ձեւավորել խորհրդարանի նախագահության կազմը:

Հիշեցնենք՝ նորընտիր Ազգային ժողովն առաջին երեք օրերի ընթացքում նախ ԱԺ նախագահ է ընտրել Ալեն Սիմոնյանը, ապա ԱԺ փոխխոսնակներ են ընտրվել Ռուբեն Ռուբինյանին ու Հակոբ Արշակյանին: Այնուհետև հերթը ՀՀ սահմանադրությամբ ընդդիմությանը վերապահված ԱԺ փոխխոսնակի ընտրության հարցն է:

Այդ պաշտոնում ընդդիմադիր երկու խմբակցություններն առաջարկել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը: Նախօրեին երկու անգամ չհաջողվեց նրան ընտրել փոխխոսնակ: Ընդդիմությունը դարձյալ առաջադրել է Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը։ Ընտրությունը տեղի կունենա այսօր:

Հիշեցնենք, որ ԱԺ նստաշրջանի օրակարգում 7 հարց է ընդգրկված, որից 5-ը դեռ չի քննարկվել: Դրանք են՝

-  Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալների ընտրություններ

-  ՀՀ ութերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին

-  Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ

-  Կառավարության առաջարկությամբ՝ Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկում

-  Կառավարության ծրագրին հավանություն տալու հարց:

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիրն» առաջարկում է, որ ԱԺ-ն ունենա 12 մշտական հանձնաժողովներ, ներկայիս 11-ի փոխարեն: Առաջարկվում է առանձնացնել առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովները:

Իսկ ահա «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները նախագիծ են ներկայացրել, որով առաջարկում է ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով: